ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝
- բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
- անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
- գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է`
- 5 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ՀՀ առանձին բնակավայրերի ցանկի հավելված 2),
- 4 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը թվով 611 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ՀՀ առանձին բնակավայրերի ցանկի հավելված 3),
- 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում՝ բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու,
- 2 մլն դրամ, եթե մայիսի 16-ի դրությամբ ունեք գործող հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի, իսկ 2024 թվականի մայիսի 16-ից հետո, բայց մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձևակերպված հիփոթեքային վարկ ունենալու դեպքում՝ աջակցությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 3 մլն դրամ։
Ծրագրի շրջանակում փոխհատուցվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված վճարները։
Ծրագիրն իականացվում է 2 փուլով։
1-ին փուլում կընդգրկվեն՝
- 3 և ավելի անչափահաս երեխան ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,
- 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն,
- «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք,
- զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի կամ ընտանիքի համար օրենսդրությամբ սահմանված պարգևավճար ստանալու իրավունք ունեցող (ունեցած) անձինք,
- կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող (ունեցած) անձինք,
- ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված) անձինք կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր կամ միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող երեխաները (ճանաչված է հաշմանդամություն ունեցող երեխա)։
- գործող հիփոթեք ունեցող ընտանիքները (որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը),
- ծրագրի առաջին փուլից կարող են օգտվել ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնք ի լրումն ծրագրով նախատեսված հավաստագրի՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 30 տոկոսի չափով լրացուցիչ վճար կկատարեն կամ հավելյալ հիփոթեքային վարկ կստանան ծրագրի ցանկացած բաղադրիչով։
2-րդ փուլում կընդգրկվեն բոլոր այն ընտանիքները, որոնք ընդգրկված չեն ծրագրի առաջին փուլում։
Բնակելի տան կառուցման առանձնահատկություններ՝
- բնակելի տան կառուցման համար շահառուն պետք է ընտրի բացառապես նախապես մշակված և հրապարակված տիպային նախագծերից որևէ մեկը (բնակելի տների կառուցման օրինակելի նախագծերին կարող եք ծանոթանալ այստեղ),
- բնակելի տան կառուցումը իրականացվում է միայն ՀՀ-ում լիցենզավորված ցանկացած շինարարական կազմակերպության կողմից,
- եթե շահառուն չունի անհատական բնակելի տուն կառուցելու նշանակությամբ հողատարածք, ապա աջակցության գումարից մինչև 4 մլն կարող է ուղղել հողատարածքի ձեռքբերմանը։
Ծրագրի շահառուներն ու հիմնական պայմանները`
- 2020 թ․ սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասներն ունեն (ստացել են) ՀՀ քաղաքացիություն ( ՀՀ քաղաքացի դառնալու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ),
- ձեռքբերվող (կառուցվող) տան բնակմակերեսը չպետք է լինի պակաս 9 քմ-ից՝ ընտանիքի 1 անդամի հաշվով,
- ձեռքբերվող (կառուցվող) տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը,
- ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից (գործընկեր բանկերի ցանկը կհրապարակվի առաջիկայում),
- ծրագրի իրականացման ընթացքում աջակցության գումարի և դրա տոկոսագումարները վճարում է ՀՀ կառավարությունը,
- եթե հավաստագրի իրացման արդյունքում առաջանում է դրական մնացորդ, ապա այն կարող է իրացվել հետևյալ ուղղություններով և սահմանաչափերով՝
►գյուղատնտեսական նշանակության հողամասի գնում՝ մինչև 5 մլն դրամ,
►ձեռքբերված անշարժ գույքի վերանորոգում՝ մինչև 4 մլն դրամ, որն ավելացվում է ընտանիքի 6-րդ և հաջորդ յուրաքանչյուր անդամի հաշվով՝ 800 հազար դրամով, բայց ոչ ավելի, քան ընդհանուր 8 մլն դրամը,
►կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում՝ մինչև 2 մլն դրամ, որն ավելացվում է ընտանիքի 6-րդ և հաջորդ յուրաքանչյուր անդամի հաշվով՝ 400 հազար դրամով, բայց ոչ ավելի, քան ընդհանուր 4 մլն դրամը։
Հավաստագրի իրացման ժամանակ շահառուները կարող են օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից, եթե դրանք բավարարում են ծրագրի հիմնական պայմաններին։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը շահառու չէ, եթե՝
- 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 169-Լ որոշմամբ հաստատված՝ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու է՝ անկախ իրավունքի իրացման փաստից,
- ընտանիքի անդամներից առնվազն մեկը 19.09.2023 թ. կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն։
Ծրագրով նախատեսված աջակցությունն ամբողջությամբ դադարեցվում է, եթե ընտանիքի՝ 55 տարին չլրացած առնվազն 2 չափահաս անդամներից յուրաքանչյուրը կամ 1 անչափահաս անդամը նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվում են ՀՀ սահմաններից դուրս (բացառությամբ, եթե բացակայությունը պայմանավորված է եղել աշխարհի 400 լավագույն համալսարաններից մեկում, քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ուսումնական կամ ռազմական ուսումնական հաստատություններում սովորելով կամ ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելով)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ընտանիքը պարտավորվում է վերոնշյալ պայմանը խախտած ընտանիքի անդամներին հասանելիք աջակցության գումարի չափով իրականացնել վարկերի ամսական մարումներ։
Ծրագրի շրջանակում 2025 թվականի հուլիսի 1-ից կարող են դիմում ներկայացնել միջոցառման հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքները՝ անկախ կազմից, անչափահաս երեխաների քանակից և թիրախային խմբի պատկանելությունից․ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում.
- առաջին բաղադրիչի՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման համար դիմումի լրացման ուղեցույց
- երկրորդ բաղադրիչի՝ անհատական բնակելի տան կառուցման համար դիմումի լրացման ուղեցույց
- երրորդ բաղադրիչի՝ գործող հիպոթեքային վարկի մարման համար դիմումի լրացման ուղեցույց
Ծանոթագրություն
- *-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է,
- նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան,
- դիմումի՝ հաջողությամբ մուտքագրվելու վերաբերյալ ծանուցումը շահառուն կստանա անմիջապես։ Եթե կան դաշտեր, որոնք ամբողջական լրացված չեն, ապա «Հաստատել» կոճակը սեղմելուն պես՝ հարթակի համապատասխան դաշտերում կհայտնվեն նշումներ և դիմումատուն կկարողանա վերանայել իր մուտքագրած տվյալները։