Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով մեկնարկել է Կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։
Մինչև 2024 թվականի հունիսի 15-ը կհաստատվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմելու կարգը։
Հիշեցնենք, որ ծրագրի շահառուներն են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնց բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն (ստացել են) ՀՀ քաղաքացիություն։
ԼՂ տեղահնված մեր հայրենակիցները կարող են պարզեցված կարգով ստանալ Հայաստանի քաղաքացիություն: ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների համար պետք է մոտենալ Երևանում՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով, իսկ մարզերում դիմումներ կընդունվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր անձնագրային ստորաբաժանումներում:
Քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալն է.
✅ դիմում-հարցաթերթ,
✅ ծննդյան վկայական /եթե օտարալեզու է՝ սահմանված կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ/,
✅ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի վավեր անձնագիր,
✅ 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր).
✅ ամուսնության վկայականը և դրա պատճենը, եթե դիմումատուն փոխել է ազգանունը,
✅ այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,
✅ պետական տուրքի վճարման անդորրագիր:
Քաղաքացիության դիմում ներկայացնելիս ժամանակավոր պաշտպանության վկայական ներկայացնելը պարտադիր չէ:
Անչափահաս երեխաների դեպքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Ծնողների քաղաքացիություն ստանալու դիմումին զուգահեռ անչափասների համար նախատեսված է ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրման ընթացակարգ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Քաղաքացիություն հնարավոր է ստանալ դիմելուց 1-ից 2 ամսվա ընթացքում, ինչից հետո անհրաժեշտ է ձեռք բերել ՀՀ քաղաքացու անձնագիր։