ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են անասնաբուծության խթանման ծրագրերը, ըստ որոնց պետությունը անասնաբուծության խթանման ուղղությամբ կիրականացնի 3 ծրագիր՝ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացում, մթերատվության բարձրացում և մեղվաբուծության զարգացում:
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը, բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործումը, ինչպես նաև տրամախաչման միջոցով բարձր մթերատու և տեղական պայմաններին հարմարված խառնացեղ կենդանիների ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծում։ Ծրագրի շրջանակում շահառուները փոխհատուցման եղանակով հնարավորություն ունեն ձեռք բերել բարձր մթերատու տոհմային մանր եղջերավոր կենդանի։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագիր» էջում։
Տավարաբուծության ճյուղում մթերատվության բարձրացման ծրագրի նպատակն է 2025-2026 թվականների ընթացքում բարելավել Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակ, Սյունիքի և Տավուշի մարզերում բուծվող տավարի ցեղերի գենոֆոնդը, բարձրացնել մթերատվությունը և ՀՀ կառավարության աջակցությամբ փոխհատուցել 21970 գլուխ կովերի արհեստական սերմնավորման ծախսերի շուրջ 70%-ը։ Ծրագրով նախատեսվում է պետական բյուջեի միջոցներով փոխհատուցել սերմնավորման արժեքի 10 հազար դրամը, իսկ 5 հազար դրամը կվճարի Տնտեսավարողը: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Տավարաբուծության ճյուղում մթերատվության բարձրացման փորձնական ծրագիր» էջում։
Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը իրականացվելու է ՀՀ բոլոր մարզերում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ծախսերի փոխհատուցման եղանակով մարզերի ազգաբնակչությանը հնարավորություն ընձեռել երկու տարվա ընթացքում ձեռք բերել 10000 մեղվաընտանիք։ Մեկ մեղվաընտանիքի (մեղվափեթակների հետ միասին՝ 8-12 շրջանակով) արժեքը սահմանված է 80000 ՀՀ դրամը։ Ծրագրի յուրաքանչյուր շահառու կարող է ձեռք բերել նվազագույնը՝ 10 և առավելագույնը՝ 50 մեղվաընտանիք (մեղվափեթակների հետ միասին՝ 8-12 շրջանակով)։ Ըստ ծրագրի պայմանների՝ փոխհատուցվում է ձեռք բերված յուրաքանչյուր մեղվաընտանիքի (մեղվափեթակի հետ միասին) արժեքի 50 %-ը, բայց ոչ ավելի, քան 40000 ՀՀ դրամը։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիր» էջում։