Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիր
2025-01-01 մինչև 2026-12-31

Ծրագրի մասին

Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի նպատակն է բարելավել Արագածոտնի,  Գեղարքունիքի, Շիրակ, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի մարզերում բուծվող տավարի ցեղերի գենոֆոնդը, բարձրացնել մթերատվությունը և ՀՀ կառավարության աջակցությամբ փոխհատուցել 25280 գլուխ կովերի արհեստական սերմնավորման ծախսերի շուրջ 70%-ը։    

Ժամանակակից սելեկցիոն չափորոշիչներին համապատասխանող կաթնային և կաթնամսային ուղղության ցեղերի ցուլերի բարձրորակ սեմնահեղուկով մեկ կովի արհեստական  սերմնավորման միջին արժեքը կազմում է շուրջ 15 հազար ՀՀ դրամ։ Ծրագրով նախատեսվում է պետական բյուջեի միջոցներով փոխհատուցել սերմնավորման արժեքի 10 հազար դրամը, իսկ 5 հազար դրամը կվճարի տնտեսավարողը:
 

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շահառու կարող են դառնալ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք՝

  1. ունեն համապատասխան գործունեությամբ զբաղվելու հավաստագիր, առնվազն մեկ տարվա արհեստական սերմնավորում իրականացնելու փորձ ունեցող մասնագետներ (բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն),
  2. ունեն վարկային դրական պատմության վերաբերյալ զեկույց, որի համաձայն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության համակարգի, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ,
  3. ունեն բարվոք հարկային պատմության վերաբերյալ տեղեկանք, որի համաձայն հայտի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ (հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով չկատարված պարտավորություններ)։
     

 

Դիմելու կարգ

Կովերի արհեստական սերմնավորման գործընթացը կազմակերպելու նպատակով մարզպետների աշխատակազմերը և նախարարությունը իրենց պաշտոնական կայքում հրապարակում են հայտարարություններ՝ մարզում հաջորդ տարվա սերմնավորման ծառայություններ մատուցելու հայտեր ընդունելու կարգի և ժամկետների վերաբերյալ։
Կազմակերպությունը մասնակցության վերաբերյալ հայտը էլեկտրոնային տարբերակով միաժամանակ կարող է ներկայացնել և՛ մարզպետի աշխատակազմ, և՛ համայնք կամ բնակավայր՝ կցելով ծրագրի կետով պահանջվող փաստաթղթերը։ 
Համայնքի կամ բնակավայրի ղեկավարները համապատասխան հայտերը ստանալուց և պայմանագրերը կնքելուց հետո մարզպետի աշխատակազմի միջոցով էլեկտրոնային տարբերակով ներկայացվում է նախարարություն։ 
Նախարարությունը ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ծրագրի կետերով սահմանված դրույթներին համապատասխանության վերաբերյալ գրավոր տեղեկացնում մարզպետի աշխատակազմին։

Անհրաժեշտ փաստաթղթեր

•    դիմում,
•    մասնագետի կրթության, համապատասխան գործունեությամբ առնվազն մեկ տարվա փորձը հավաստող փաստաթուղթ,
•    համայնքի և կազմակերպություն պայմանագրի պատճենը,
•    վարկային դրական պատմության վերաբերյալ զեկույց (ԱՔՌԱ զեկույց),
•    բարվոք հարկային պատմության վերաբերյալ տեղեկանք,
•    սերմնահեղուկի ծագման հավաստագիր, սերմնահեղուկի ձեռքբերման և տեղափոխման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր։
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

Էկոնոմիկայի նախարարության թեժ գիծ` 81-40,

ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշում,

ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 597 254, (+374) 11 529 231։

 

Տարածել