Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը իրականացվելու է ՀՀ բոլոր մարզերում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ծախսերի փոխհատուցման եղանակով մարզերի ազգաբնակչությանը հնարավորություն ընձեռել երկու տարվա ընթացքում ձեռք բերել 10000 մեղվաընտանիք։ Մեկ մեղվաընտանիքի (մեղվափեթակների հետ միասին՝ 8-12 շրջանակով) արժեքը սահմանված է 80000 ՀՀ դրամը։
Ծրագրի յուրաքանչյուր շահառու կարող է ձեռք բերել նվազագույնը՝ 10 և առավելագույնը՝ 50 մեղվաընտանիք (մեղվափեթակների հետ միասին՝ 8-12 շրջանակով)։ Ըստ ծրագրի պայմանների՝ փոխհատուցվում է ձեռք բերված յուրաքանչյուր մեղվաընտանիքի (մեղվափեթակի հետ միասին) արժեքի 50 %-ը, բայց ոչ ավելի, քան 40000 ՀՀ դրամը։
Ծրագրի շրջանակներում նախապատվությունը կտրվի երիտասարդ ընտանիքներին (ամուսինների տարիքի հանրագումարը 70 տարեկանից ոչ բարձր), ցանկացած նպատակով սոցիալական աջակցություն ստացող ընտանիքներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին։
Շահառուն, մեղվաընտանիքը (մեղվափեթակով) պետք է ձեռք բերի իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատերից։ Մեղվափեթակ և մեղվաընտանիք վաճառող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ընդ որում՝ յուրաքանչյուր շահառու ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ։
Ծրագրին մասնակցելու համար շահառուն պետք է էլեկտրոնային եղանակով դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։
Էկոնոմիկայի նախարարության թեժ գիծ` 81-40,
ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշում,
ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 523 411, (+374) 11 597 254, (+374) 11 297 428, (+374) 11 529 231։