ՀՀ Կառավարության որոշմամբ բարելավվել են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետաջակցության ծրագրի պայմանները։
Փոփոխությունների արդյունքում հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։ Երեխայի ծննդյան աջակցության չափը կազմում է դիմելու օրվա դրությամբ՝
►վարկի մնացորդային մայր գումարի 10% չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 5% չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), եթե դա շահառուի առաջին կամ երկրորդ երեխան է,
►վարկի մնացորդային մայր գումարի 50% չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 25% չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), եթե դա շահառուի երրորդ և հաջորդ երեխան է,
►եթե բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվել կամ անհատական բնակելի տունը կառուցվել/կառուցվում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցությունն ավելացվում է 50 տոկոսով,
միաժամանակ 1-ից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության չափը հաշվարկվում է ըստ ծնված երեխաների քանակի։
Իսկ մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում միանվագ դրամական աջակցության չափը կազմում է ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը։ Աջակցության առավելագույն չափը կազմում է 2 մլն դրամ։
Եթե շահառուն հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույքը ձեռք է բերում կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցությունն ավելացվում է 50 տոկոսով։
Բնակարանային ապահովման աջակցության ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքի «Հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ միանվագ դրամական աջակցություն» և «Երեխա ունեցող ընտանիքներին միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու նպատակով» էջերում։