Երեխա ունեցող ընտանիքներին միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու նպատակով
Ժամկետ: 01.01.2023 2026-12-31

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։ Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը։ Աջակցության առավելագույն չափը կազմում է 2 մլն դրամ։
Եթե շահառուն հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույքը ձեռք է բերում կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցությունն ավելացվում է 50 տոկոսով։

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին՝

  • շահառուն ունի ՀՀ քաղաքացիություն և հանդիսանում է հիփոթեքային վարկ մարողը՝ վարկառուն,
  • շահառուն ունի առնվազն 2 անչափահաս երեխա,
  • մարզային բնակավայրում գտնվող բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվել կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո,
  • ձեռք բերվող անշարժ գույքի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի ձեռքբերման գինը, ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը 35 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով,
  • կատարվող կանխավճարի նվազագույն չափը (առանց ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոսն է (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին) և առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոսը (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին),
  • ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի, նրա ամուսնու (եթե առկա է գրանցված ամուսնություն) անունով,
  • ձեռք բերվող կամ կառուցվող բնակելի անշարժ գույքը հանդիսանում է շահառուին, գրանցված ամուսնության առկայության դեպքում նաև նրա ամուսնուն անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող միակ բնակելի անշարժ գույքը։
Դիմելու կարգ

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն։ 

Անհրաժեշտ փաստաթղթեր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է բանկը կամ վարկային կազմակերպությունը։

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ Կառավարության 14 մայիսի 2020 թվականի N 968-Լ որոշում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղղարկել ՀՀ ԱՍՀՆ

 

Տարածել
Տեսանյութ