Փոփոխություններ ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրում
2024-02-21

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամբ բարելավվել են ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի պայմանները, երկարաձգվել ծրագրի իրականացման ժամկետը։ Քաղաքացիները հնարավորություն կունենան օգտվել աջակցության ծրագրից մինչև 2025 թվականը։ 

Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության միջոցով՝ խթանել ժամանակակից, բարձր բերքատվությամբ այգիների հիմնումը և այդ եղանակով պտղաբուծության և խաղողագործության զարգացումն ու արդյունավետության բարձրացումը, ավելացնել մրցունակ խաղողի, պտղի և հատապտղի արտադրության և արտահանման ծավալները, խթանել ոչ ավանդական բարձր արժեք ապահովող մշակաբույսերի արտադրությունը, նվազեցնել կարկտահարության և այլ բնակլիմայական գործոններով պայմանավորված ռիսկերը, նպաստել ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը, մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը և նպաստել հարմարվողականության մակարդակի բարձրացմանը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրիրը իրականացվում է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։

Ծրագրի շրջանակում 0.5 և ավելի հա ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և ներդրման (բացառությամբ շարժական համակարգի), կամ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 50 %–ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերի 50%-ը, իսկ  միայն ոռոգման արդիական համակարգերի համար գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 60%–ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերի  60 %-ը։

Ոռոգման արդիական շարժական  համակարգի ձեռքբերման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի ձեռքբերման արժեքի 50 %–ը, բայց ոչ ավելի քան միավորի հաշվով 7.5 մլն դրամը, ընդ որում յուրաքանչյուր շահառուի տրամադրվող փոխհատուցման հանրագումարը չի կարող գերազանցել 75.0 մլն դրամը

Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիր» էջում։

 

 

Տարածել