Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիր
մինչև 2026-12-31

Ծրագրի մասին

Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող բազմամյա տնկարկների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության միջոցով՝ խթանել ժամանակակից, բարձր բերքատվությամբ այգիների հիմնումը և այդ եղանակով պտղաբուծության և խաղողագործության զարգացումն ու արդյունավետության բարձրացումը, ավելացնել մրցունակ խաղողի, պտղի և հատապտղի արտադրության և արտահանման ծավալները, խթանել ոչ ավանդական բարձր արժեք ապահովող մշակաբույսերի արտադրությունը, նվազեցնել կարկտահարության և այլ բնակլիմայական գործոններով պայմանավորված ռիսկերը, նպաստել ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը, մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը և նպաստել հարմարվողականության մակարդակի բարձրացմանը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։

Ծրագիրը իրականացվում է 2021-2026 թվականներին և ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։ Ծրագրին մասնակցելու նպատակով շահառուները մինչև ներդրման աշխատանքների սկսվելը պետք է դիմեն ծրագրին մասնակից ֆինանսական կառույցներին (ՑԱՆԿ), այգեհիմնման դեպքում միաժամանակ նախարարություն ներկայացնելով ծրագրի 22-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, իսկ փոխհատուցման բաղադրիչի դեպքում՝ Էկոնոմիկայի նախարարությանը։

Ծրագիրը պետք է իրականացվի մեկ կապալառու կազմակերպության միջոցով (ներառյալ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը և աշխատանքների իրականացումը), որը կարող է իր պարտավորությունների կատարմանը մասնակից դարձնել այլ ենթակապալառուների, բացառությամբ ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրություն կազմակերպելու, ինչպես նաև ոռոգման առաջադիմական շարժական համակարգերի ձեռքբերման դեպքերի, որոնք կարող են իրականացվել նաև առանց կապալառու կազմակերպության։ Ծրագրի շրջանակում 10 հա և ավելի  տարածքում ներդրում կատարելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման դեպքում շահառուն  կարող է ծրագիրը իրականացնել տարբեր (մեկից ավելի) կապալառու կազմակերպությունների միջոցով՝ պայմանագիր կնքելով  մի քանի կապալառուների հետ (տարբեր աշխատանքների համար՝ հողային, ոռոգման արդիական կամ կարկտապաշտպան համակարգերի ներդրման, ջրավազանի կառուցման աշխատանքներ, անհրաժեշտ միջոցների (ապրանքների) ձեռքբերման), իսկ անհրաժեշտ միջոցների (ապրանքների) ձեռքբերումը կարող է իրականացվել նաև շահառուի կողմից, պայմանով, որ շահառուն պետք է ներկայացնի նաև «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված և միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված, շահառուի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն, որում պետք է արտացոլվեն ծրագրի շրջանակում կատարված ծախսերը։ Կապալառու կազմակերպությունների հետ համագործակցությունից կախված տրամադրվող վարկի կամ փոխհատուցվող գումարի չափը փոփոխության ենթակա չէ: Կապալառուն և ենթակապալառուն պետք է լինեն իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ունենան տվյալ բնագավառի (այգեհիմնման դեպքում՝ ագրոնոմիական, հիդրոտեխնիկական (հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն), իսկ կարկտապաշտպան ցանց ներդնելու դեպքում՝ նաև շինարարության,  առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման դեպքում՝ հիդրոտեխնիկական (հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն), առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում՝ շինարարության)՝ համապատասխան աշխատանքն իրենց կողմից իրականացնելու համար առնվազն մեկ որակավորված աշխատող։

Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։

1․ Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում

  • 0.5 (յուրաքանչյուր պտղատեսակի համար)-500 հա այգեհիմնում (ներառյալ առաջին տարվա խնամքի ծախսերը)
  • 0.5 և ավելի հա տարածքի համար ոռոգման արդիական համակարգերի ներդրում կամ 1000-ից մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցում 
  • 0.5-100 հա բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրում
  • 1.0-30 հա ծնեբեկի, պրասասոխի, ռուկոլայի, բրյուսելյան և պեկինյան կաղամբների, կոլրաբիի, գանգրակաղամբի (կալե), ցուկինիի (դեղին կամ մուգ կանաչ) և պատիսոնի, քաղցր եգիպտացորենի և հատիկաընդեղենի մշակություն, նաև այլ ոչ ավանդական մշակաբույսեր համաձայնեցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։

2․ Ծախսերի մասնակի փոխհատուցում

 

  • 0.5 և ավելի հա ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերում և ներդրում,
  • 1000-ից մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցում,
  • 0․5-3 հա բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրում,

Ծրագրի շրջանակում 0.5 և ավելի հա ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և ներդրման (բացառությամբ շարժական համակարգի), կամ 1000-ից մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 50 %–ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերի 50%-ը, իսկ միայն ոռոգման արդիական համակարգերի համար գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 60%–ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերի  60%-ը։ Ոռոգման արդիական շարժական համակարգի ձեռքբերման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի ձեռքբերման արժեքի 50%–ը, բայց ոչ ավելի քան միավորի հաշվով 7.5 մլն դրամը, ընդ որում յուրաքանչյուր շահառուի տրամադրվող փոխհատուցման հանրագումարը չի կարող գերազանցել 75.0 մլն դրամը։
Ծրագրի շրջանակում 0․5-3 հա բազմամյա տնկարկներում N 18 աղյուսակում ընդգրկված, կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար կապալառուին կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 75 %-ը, իսկ այն բնակավայրերում, որոնք ընդգրկված չեն N 18 աղյուսակում՝ 50 %-ը՝ նախարարության և կապալառուի միջև կնքված պայմանագրի հիման վրա, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծախսի առավելագույն սահմանաչափի (12.1 մլն դրամ) համապատասխանաբար 75 կամ 50 %-ը: Եթե կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար կապալառուի կողմից կատարված փաստացի ծախսերը 1 հա-ի հաշվով գերազանցում են ծախսի առավելագույն սահմանաչափը, ապա կապալառուին սահմանաչափը գերազանցող գումարի վճարման պարտավորությունը կրում է շահառուն։
 

Դիմելու կարգ

Այգու հիմնման նպատակով անհարժեշտ է մինչև վարկի ստացումը ֆինանսական կառույցին և նախարարություն ներկայացնել՝

  • հողատարածքի տեղի, հիմնվող այգու չափերի և պտղատեսակի, տնկման բանաձևի վերաբերյալ տեղեկատվություն, 
  • հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության եզրակացության պատճենը (առավելագույնը 6 ամսվա վաղեմության),

կենսադինամիկ խաղողի այգու հիմնման դեպքում նաև՝

  • մշակության միջոցառումների նկարագիրը,
  • համայնքի (վարչական շրջանի) ղեկավարի կողմից հաստատված տեղեկատվություն՝ այգեհիմնմանը նախորդող երեք տարիների ընթացքում տվյալ տարածքում մշակված մշակաբույսերի վերաբերյալ։

Անհրաժեշտության դեպքում, նախարարությունը ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ ֆինանսական կառույցին կտրամադրի խորհրդատվություն։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Սուբսիդավորվող վարկի համար՝

  • անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
  • անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեն և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները։ Շահառուի կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականում գրանցված հողամասի մի մասում արդեն իսկ հիմնված այգու առկայության դեպքում նույն վկայականով հողամասում ծրագրի շրջանակներում նոր այգի հիմնելու, հողամասի փաստացի չափերը անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականում նշված չափերից տարբերվելու, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականում գրանցված հողամասի միայն մի մասում ներդրում կատարելու դեպքերում ներկայացնել նաև ներդրվող հողամասի կոորդինատները՝ WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով և ներդրվող հողամասի չափագրման արդյունքների վերաբերյալ տեղեկանք: Եթե գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ սեփականություն է կամ վարձակալություն(օգտագործում), ապա ներկայացվում է նաև նոտարական կարգով վավերացված՝ անշարժ գույքի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը՝ ծրագրին մասնակցելու վերաբերյալ, ընդ որում, անշարժ գույքի վարձակալության (օգտագործման) ժամկետն այգեհիմնման դեպքում չպետք է պակաս լինի դիմումը ներկայացնելու օրվանից հաշված՝ 20 տարուց, ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում՝ 6 տարուց, կարկտապաշտպան ցանցի դեպքում՝ 7 տարուց, իսկ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի դեպքում՝ մինչև 2 տարուց (ծնեբեկի դեպքում՝ 10 տարուց),
  • համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու մասին ։

Ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության դեպքում նաև

  • կատարվելիք ծախսերի նախահաշիվ։

Աշխատանքների ավարտից հետո ֆինանսական կառույցին ներկայացվող փաստաթղթեր՝

այգեհիմնման դեպքում՝

  • արտերկրից ձեռք բերված կամ տեղական արտադրության տնկանյութի ծագումն ու որակը հավաստող փաստաթուղթ,
  • արտերկրից ձեռք բերված տնկանյութի բուսասանիտարական կարանտին հսկողության ակտ,
  • տնկանյութի ներկրումը հավաստող փաստաթղթեր, տեղական արտադրության դեպքում՝ բուսասանիտարական անձնագիր,
  • այգեհիմնման աշխատանքների ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, այդ թվում՝ կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը, վճարման անդորրագիրը, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հաշվարկային փաստաթուղթը, ջրավազանի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները, ինչպես նաև հիմնված այգու նպատակային նշանակությանը և (կամ) գործառնական նշանակությանը կամ հողատեսքին համապատասխան անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները, անշարժ գույքի նկատմամբ օտարման և այլ իրավունքներով ծանրաբեռնելու սահմանափակման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը և ջրօգտագործման թույլտվությունը կամ ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը,
  • ձեռք բերված և ներդրված, նույնականացման կոդեր ունեցող գույքի ցանկը՝ իրենց կոդերով։

Կարկտապաշտպան ցանցերի և ոռոգման արդիական համակարգերի, ներդրման, ինչպես նաև ջրավազանների կառուցման դեպքում՝

  • ձեռք բերված և ներդրված, նույնականացման կոդեր ունեցող գույքի ցանկը՝ իրենց կոդերով (պոմպի և ֆիլտրի ներդրման դեպքում՝ պարտադիր, այլ գույքի համար՝ առկայության դեպքում),
  • կարկտապաշտպան ցանցերի և ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և տեղակայման, ինչպես նաև ջրավազանի կառուցման կամ ընդլայնման ծախսերը հիմնավորող փաստաթղթերը այդ թվում՝ կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը (բացառությամբ ոռոգման շարժական համակարգի ձեռքբերման դեպքի, որի համար ներկայացվում են ձեռքբերումը հավաստող փաստաթղթերը),
  • անկանխիկ վճարման անդորրագիրը,
  • հաշվարկային փաստաթուղթը (բացառությամբ ոռոգման շարժական համակարգի ձեռքբերման դեպքի), ջրօգտագործման թույլտվությունը կամ ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը (բացառությամբ կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման դեպքի),
  • ջրավազանի դեպքում նաև իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները, իսկ կարկտապաշտպան ցանցի կամ ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում՝ փաստացի գործառնական նշանակությանը համապատասխան անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները։

Ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի դեպքում՝

  • սածիլի կամ սերմի ներկրումը հավաստող փաստաթղթեր և (կամ) տուփը և (կամ) պիտակը, իսկ տեղական սածիլի արտադրության դեպքում բուսասանիտարական անձնագիր,
  • արտերկրից ձեռք բերված սածիլի կամ սերմի ծագումն ու որակը հավաստող փաստաթուղթը (հավաստագիր) և (կամ) տուփը և (կամ) պիտակը, տեղական սերմերի համար՝ սերմի ծագումն ու որակը հավաստող փաստաթուղթը (հավաստագիր),
  • արտերկրից ձեռք բերված սածիլի բուսասանիտարական կարանտին հսկողության ակտ,
  • մշակության ծախսերը հիմնավորող փաստաթղթեր: 

Ծախսերի մասնակի փոխհատուցման համար՝

Կարկտապաշտպան ցանցի կամ ոռոգման արդիական համակարգեր ներդնելու կամ ջրավազանի կառուցման կամ ընդլայնման դեպքում՝

  • ձեռք բերված և ներդրված, նույնականացման կոդեր ունեցող գույքի ցանկը՝ իրենց կոդերով (պոմպի և ֆիլտրի ներդրման դեպքում՝ պարտադիր, այլ գույքի համար՝ առկայության դեպքում),
  • նոտարական կարգով վավերացված կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը և կատարված աշխատանքների հանձնման ընդունման ակտը, որը պետք է ներառի նաև կապալառուի փաստացի կատարված ընդամենը ծախսերի (ներառյալ ԱԱՀ-ն), կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում` նաև շահառուի կողմից վճարված և նախարարության կողմից վճարվելիք գումարների վերաբերյալ հստակ տեղեկատվություն (բացառությամբ ոռոգման շարժական համակարգի ձեռքբերման դեպքի),
  • անկանխիկ վճարման անդորրագիրը (կարկտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում՝  N18 աղյուսակում ընդգրկված բնակավայրերում՝ փաստացի կատարված ծախսերի առնվազն 25%-ի, իսկ այն բնակավայրերում, որոնք ընդգրկված չեն N18 աղյուսակում՝ առնվազն 50%-ի),
  • հաշվարկային փաստաթուղթը՝ հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր (ոռոգման շարժական համակարգի դեպքում ներկայացվում են ձեռքբերումը կամ ներմուծումը հավաստող փաստաթղթեր՝ ներմուծման հաշիվ վավերագիր կամ հարկային հաշիվ կամ ձեռքբերման հաշիվ վավերագիր կամ հարկային հաշիվ կամ այլ հաշվարկային փաստաթղթեր),
  •  ջրօգտագործման թույլտվությունը կամ ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը, իսկ ներդրված հողատարածքը ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում չգտնվելու դեպքում՝ համապատասխան տեղեկանք (բացառությամբ կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքի),
  • ջրավազանի դեպքում՝ շինարարության ավարտական ակտը (որում հստակ նշված կլինի կառուցված ջրավազանի ծավալը), իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները,
  • կարկտապաշտպան ցանցի կամ ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում՝ փաստացի գործառնական նշանակությանը համապատասխան անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները,
  • անշարժ գույքի նկատմամբ օտարման և այլ իրավունքներով ծանրաբեռնելու սահմանափակման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը,
  • կապալառուի (ենթակապալառուի)՝ տվյալ բնագավառի որակավորված աշխատող ունենալու փաստը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ կամ վկայական (հավաստագիր), աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ, ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք),
  • ոռոգման արդիական համակարգերի ներդրման դեպքում՝ կապալառուի կողմից տրված երաշխավորագիր այն մասին, որ ոռոգման արդիական համակարգի խողովակների համար սահմանված ճնշումն ապահովված է համակարգի խողովակաշարի ամբողջ երկարությամբ և համակարգը ենթակա է շահագործման (համակարգը կապալառուի կողմից ձեռք բերված լինելու դեպքում) հետներդրումային 4 տարիների ընթացքում,
  • կարկտապաշտպան համակարգերի ներդրման դեպքում՝ կապալառուի կողմից տրված երաշխավորագիր այն մասին, որ համակարգը ենթակա է շահագործման հետներդրումային 5 տարիների ընթացքում և տեղեկանք կապալառուի բանկային հաշվեհամարի վերաբերյալ,
  • ներդրված միջոցների կամ համակարգերի անձնագիրը կամ տեխնիկական բնութագիրը,
  • ենթակապալառուի առկայության դեպքում՝ կապալառուի և ենթակապալառուի միջև կնքված պայմանագրի պատճենը և կատարված աշխատանքների հանձնման ընդունման ակտը, ենթակապալառուի ծախսերը հիմնավորող փաստաթղթերը՝ հաշիվ վավերագիր կամ հարկային հաշիվ կամ այլ հաշվարկային փաստաթղթեր, անկանխիկ վճարման անդորրագիր,
  • այն դեպքում, երբ շահառուի կողմից տարբեր (մեկից ավելի) կապալառուների հետ կնքվում են պայմանագրեր կամ շահառուի կողմից ձեռք են բերվում անհրաժեշտ միջոցները (10 հա և ավելի տարածքում ներդրում կատարելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման դեպքերում)՝ «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված և միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված, շահառուի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն, որում պետք է արտացոլվեն ծրագրի շրջանակում կատարված ծախսերը։
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

Էկոնոմիկայի նախարարություն,

ՀՀ Կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 198-Լ որոշում

ՀՀ Կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N 1734 -Լ որոշում

ՀՀ Կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի N 193-Լ որոշում

ՀՀ Կառավարության 2025 թվականի մայիս15-ի N 591-Լ որոշում

Թեժ գիծ՝ 81-40,

ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 523 411, (+374) 11 597 254, (+374) 11 297 428,  (+374) 11 529 231,

ՀՀ ԷՆ Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն (հեռ.՝ (+37411) 530 333),

ՀՀ ԷՆ  Բուսաբուծության վարչություն (հեռ.՝ (+37411) 597 120)։

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԷՆ։

Տարածել