Նոր փոփոխություններ են իրականացվել ՀՀ առողջապահության նախարարության անպտղության հաղթահարման պետական ծրագրում, համաձայն որոնց Ծրագրի շահառուների թիվը էականորեն կավելանա. Փաստացի մինչև 36 տարեկան անզավակ, առաջնային անպտղություն ունեցող բոլոր կանայք կարող են օգտվել ծրագրից:
«Ծրագրում ներառվել են մինչև 36 տարեկան 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ բոլոր կանայք՝ անկախ նրանց կարգավիճակից և բնակավայրից: Նախկինում սա վերաբերում էր միայն սահմանամերձ շրջաններում բնակվողներին, զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, սոցանապահովներին և հաշմանդամություն ունեցող կանանց: Այս բոլոր խմբերը վերացել են»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում մանրամասնել է ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը:
Մինչև 36 տարեկան անզավակ, առաջնային անպտղություն ունեցող կանանց խմբի համար սահմանվել է ամբողջական փաթեթ՝ անպտղության պատճառագիտության որոշում և բուժում, մինչև արհեստական սերմնավորումը և բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտությունները, ներարգանդային սերմնավորման փորձերը և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձը՝ 100 % ֆինանսավորմամբ և երկրորդ փորձը՝ պետության 50 % մասնակցությամբ:
Սահմանվել է նաև երկրորդ խումբ՝ 36-42 տարեկան կանանց համար: Նրանց համար փաթեթը ներառում է միայն սերմնավորման փորձերը: Առաջին անգամ որպես ծրագրի շահառու են ներառվել նաև երկրորդային անպտղություն ունեցող զույգերը՝ 20-36 տարեկան սահմանամերձ բնակավայրերի այն բնակիչները, որոնք ունեն 1 երեխա: Ծրագրով նրանց հնարավորություն է տրվում ունենալ երկրորդ երեխա: Նրանց տրամադրվող փաթեթը ներառում է անպտղության պատճառագիտության որոշումը, ներարգանդային սերմնավորումը և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձը:Այս դեպքում, այսինքն, հետազոտություններն անվճար չեն:
Ծրագրի շահառու են նաև զոհված զինծառայողների ծնողները, նրանց համար տարիքային շեմը հանված է: Մասնագետն ակնկալում է ծրագրի արդյունքը տեսնել արդեն 1.5 տարի հետո:
Հատկանշական է, որ ծրագրի շահառու դառնալու համար նախարարություն դիմելու կարիք չկա: Շահառուն նախ պետք է ընտրի ցանկալի կլինիկան, դիմի, մնացած գործընթացը կատարվում է նախարարության և կլինիկայի միջև: Կլինիկայում ձևավորված հանձնաժողովը որոշում է քաղաքացու կարիքները:
Ներկայումս, Հայաստանում արդեն 5 բժշկական հաստատություն անպտղության հաղթահարման ընդլայնված ծրագրի շրջանակում պատրաստ է ընդունել շահառուներին։ Դրանք են՝ Շենգավիթ ԲԿ, Աստղիկ ԲԿ, Մոր և մանկան գիտահետազոտական ինստիտուտ (Մարգարյան հիվանդանոց), «Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության կենտրոն և Հանրապետական ծննդատուն: Կլինիկաներն արդեն պատրաստ են ընդունել շահառուներին ու հերթագրել:
Եթե քաղաքացին դիմել է մինչև 36 տարին լրանալը, նա պահպանում է շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկանը:
Ծանոթագրություն։ 2019-ի սեպտեմբերից մեկնարկած ծրագրի շրջանակներում առ այսօր ծնվել է 253 երեխա: Միայն նախորդ տարվա ընթացքում ծնվել է 128 երեխա։
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Անպտղության հաղթահարման» ծրագիր բաժնում։