Փոփոխություններ անպտղության հաղթահարմանն ուղղված պետական աջակցության ծրագրում
2023-11-16

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամբ իջեցվել է «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ անվճար կամ արտոնյալ պայմաններով իրականացվող բժշկական օգնություն և սպասարկում» ծրագրի շահառուների տարիքային շեմը։

Այսուհետ անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրի շրջանակում բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունք կունենան 28-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանայք։

Հիշեցնենք, որ ծրագրի շահառու կարող են դառնալ նաև՝

  • 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման)՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող 20-35 (ներառյալ) տարիքային խմբի անզավակ կանայք,
  • սահմանամերձ բնակավայրերի 1 երեխա ունեցող` ՀՀ քաղաքացի հանդիսացող, ամուսնությունը գրանցած, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման) զույգերը, որոնցից կինը պատկանում է 20-35 (ներառյալ) տարիքային խմբին,
  • զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու` ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողները` կնոջ տարիքը սահմանվում է մինչև 42 տարեկանը,
  • 2020 թ.ի սեպտեմբերի 27-ից ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած), կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված, ինչպես նաև սույն կետում նշված հանգամանքներում ստացած վնասվածքի, խեղման կամ ձեռք բերած հիվանդության հետ պատճառական կապով հետագայում մահացած զավակի ծնողները։

Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Անպտղության հաղթահարման» ծրագիր էջում։

Տարածել