Բարելավվել են արտադրողականության խթանման նպատակային ծրագրի պայմանները
2026-10-23

News Photo

Տնտեսավարողների համար նախատեսված ֆինանսավորման ծրագրում կատարվել են փոփոխություններ, որոնք ընդլայնում են ֆինանսավորման հնարավորությունները և հստակեցնում աջակցության տրամադրման պայմանները։

Ծրագրում ավելացվել է ֆինանսավորման նոր ուղղություն։ Հնարավորություն է նախատեսվել ձեռք բերել էլեկտրական կուտակիչներ (ակումուլյատորներ) և դրանց բաղկացուցիչ մասերը՝ բացառապես արևային էներգիայից ստացված էլեկտրաէներգիայի կուտակման նպատակով։ Այս ուղղությամբ վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումը կազմում է 8%՝ ՀՀ դրամով և 6%՝ արտարժույթով, իսկ լիզինգի դեպքում՝ համապատասխանաբար 10% և 8%։ Ֆինանսավորման ժամկետը կարող է հասնել 84 ամսվա։

Հստակեցվել են ֆինանսավորման և վերաֆինանսավորման պայմանները։ Սահմանվել են մեքենասարքավորումների ձեռքբերման, կապիտալ շինարարության և հյուրանոցային օբյեկտների կառուցման պահանջները, ինչպես նաև սուբսիդավորվող գումարների հաշվարկման և փոխկապակցված կազմակերպությունների նկատմամբ սահմանաչափերի կիրառման կանոնները։ Վերաֆինանսավորման դեպքում տնտեսավարողը կարող է մեկ անգամ տեղափոխել մեկ կամ մի քանի վարկային պարտավորություն՝ պահպանելով գործող սուբսիդավորման չափն ու մնացած ժամկետը։

Լրացուցիչ պայմաններ են սահմանվել հավելյալ աջակցության համար։ Թվայնացման և արտադրողականության խորհրդատվության նպատակով վարկ ներգրաված տնտեսավարողները կարող են ստանալ վարկի մնացորդային գումարի 50%-ի չափով փոխհատուցում՝ արտահանման առնվազն 20% աճի և միջազգային ստանդարտներին համապատասխանության, ինչպես նաև ծրագրով սահմանված այլ պահանջների բավարարման դեպքում։ Հստակեցվել են նաև փորձագետների, խորհրդատվական կազմակերպությունների և աուդիտորական եզրակացությունների նկատմամբ պահանջները։

Փոփոխություններով սահմանափակվել են ծրագրով ձեռք բերված մեքենասարքավորումների օտարման և երրորդ անձանց օգտագործմանը փոխանցելու հնարավորությունները։ Միաժամանակ ծրագրի թիրախային ոլորտներում ավելացվել է թափոնների մշակման, ոչնչացման և նյութերի վերականգնման գործունեությունը։

Ծրագրի դիմելու կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Արտադրողականության խթանման նպատակային ծրագիր» էջում։

Տարածել