ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել բուսաբուծության աջակցության ծրագրում։ Ծրագիրն այսուհետ կիրականացվի 2026-2027 թվականներին և կներառի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։
Փոխվել են ծրագրի շահառու դառնալու պայմանները։ Եթե նախկինում փոխհատուցում էր նախատեսվում մինչև 100 հեկտար մակերեսով հողատարածքներում մշակություն իրականացնողների համար, ապա նոր պայմաններով ծրագրից կարող են օգտվել առնվազն 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքում մշակություն իրականացնող տնտեսավարողները՝ ծրագրով նախատեսված մշակաբույսերի մասով։
Ծրագրում ընդգրկվել է աշնանացան ցորենը, որի մշակության յուրաքանչյուր հեկտարի համար նախատեսվում է 80 000 դրամ փոխհատուցում։ Գարնանացան հացահատիկային մշակաբույսերի համար փոխհատուցման չափը կկազմի 70 000 դրամ, եգիպտացորենի համար՝ 85 000 դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի համար՝ 100 000 դրամ, իսկ բազմամյա խոտաբույսերի՝ առվույտի և կորնգանի համար՝ 110 000 դրամ՝ յուրաքանչյուր հեկտարի հաշվով։
Ծրագրի դիմելու կարգին և այլ մարամասներին կարող եք ծանոթանալ հարթակի՝ «Բուսաբուծության աջակցության 2026-2027 թվականների ծրագիր» էջում։