Փոփոխություններ երեխայի ծննդյան միանվագ նպաստի ծրագրում
2026-09-03

News Photo

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել երեխայի ծննդյան միանվագ նպաստի ծրագրում։

Փոփոխությամբ սահմանվել է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում է 500 հազար դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի երեխայի՝  ծնողը, որդեգրողը, խնամակալը։ Նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են ՀՀ-ում՝ բնակության վայրի հասցեով, և նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։

Իսկ օտարերկրյա քաղաքացի ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողը առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է ՀՀ-ում բնակության վայրի հասցեով, և օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել կամ վճարվել։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերը ներկայացնել երեխայի ծննդյան ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը։

Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» էջում։

Տարածել