ՀՀ կառավարության որոշմամբ բարելավվել են ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի պայմանները։ Մասնավորապես, երկարացվել է ջերմատների կառուցման ժամկետը, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվել սուբսիդավորվող վարկը մեկ ֆինանսական կառույցից մեկ այլ ֆինանսական կառույց տեղափոխելու համար։
Ծրագրի նոր պայմաններով ջերմատան կառուցման համար սահմանված առավելագույն ժամկետը 1.5 տարուց դարձել է 2 տարի։ Այսպիսով, շահառուները ջերմատան կառուցումն ավարտելու համար կունենան լրացուցիչ 6 ամիս։
Փոփոխություն է կատարվել նաև վարկավորման պայմաններում։ Նոր կարգավորմամբ՝ յուրաքանչյուր շահառու իրավունք ունի մեկ անգամ սուբսիդավորվող վարկը մեկ ֆինանսական կառույցից տեղափոխելու այլ ֆինանսական կառույց։ Վարկի տեղափոխումն իրականացվում է ֆինանսական կառույցների փոխադարձ համաձայնությամբ, իսկ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը շարունակվում է տրամադրված վարկի գործող պայմաններով։
Ծրագրի այլ մանրամասներին կարելի է ծանոթաալ հարթակի «Ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր» էջում։