Ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը՝ պետական աջակցությամբ տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով։
Ծրագիրը նախատեսված է իրականացնել մինչև 2026 թվականը, այն ընդգրկում է ՀՀ բոլոր մարզերը։
Ծրագրի շրջանակում`
- յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 15.0 մլրդ դրամի չափով, հիմնվող ջերմատանառավելագույն մակերեսի սահմանափակում չի նախատեսվում․
- յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի․
- տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի`
ա. տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 8 տոկոսային կետով, իսկ գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին` 18-ից 35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին և սույն կետի «դ» ենթակետով սահմանված առևտրային իրավաբանական անձանց (տվյալ ջերմատան նախագծի համար առաջին վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 9 տոկոսային կետով,
բ. տրամադրվող վարկի 3 մլրդ դրամից ավել մինչև 9 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 7 տոկոսային կետով, իսկ գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին` 18-ից 35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին և սույն կետի «դ» ենթակետով սահմանված առևտրային իրավաբանական անձանց (տվյալ ջերմատան նախագծի համար առաջին վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 8 տոկոսային կետով,
գ. տրամադրվող վարկի 9 մլրդ դրամից ավել մինչև 15 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 6 տոկոսային կետով, իսկ գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին` 18-ից 35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին և սույն կետի «դ» ենթակետով սահմանված առևտրային իրավաբանական անձանց (տվյալ ջերմատան նախագծի համար առաջին վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 7 տոկոսային կետով,
դ․ սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերը գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների և 63 տարեկանը լրացածների մասով՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համապատասխան 9, 8 և 7 տոկոսային կետերի վերաբերյալ տարածվում են այն առևտրային իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ունեն մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն, և վերջինիս տարիքը համապատասխանում է սույն ենթակետի «ա», «բ» և «գ» ենթակետերով ֆիզիկական անձանց համար սահմանված տարիքին: Ընդ որում, նշված դեպքում առևտրային իրավաբանական անձը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չիրականացնի իրավաբանական անձի հիմնադրի (մասնակցի), բաժնետիրոջ փոփոխություն, ինչպես նաև վերջինիս հիմնադիրը (մասնակիցը), բաժնետերը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չօտարի բաժնեմասը (բաժնետոմսերը) կամ դրանց մի մասը․
- յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի ոչ ավելի, քան ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկի տոկոսադրույքի չափը.
- վարկի մարման առավելագույն ժամկետը՝ 8 տարի է․
- շահառուի դիմումով ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի համար արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս․
- շահառուի և ֆինանսական կառույցի փոխադարձ համաձայնությամբ ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 3 ամիս ժամկետով․
- ջերմատան կառուցման համար սահմանված առավելագույն ժամկետը 1․5 տարի է.
- վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից։
Ծրագրի շահառու կարող են դառնալ ջերմատան կառուցման աշխատանքներ իրականացնող անձինք, որոնք կբավարարեն Ֆինանսական կառույցի վարկունակության պահանջներին։
Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է մինչև ջերմատան կառուցման աշխատանքների սկսելը դիմել ծրագրին մասնակից ֆինանսական կառույցներին (ցանկ) վարկ ստանալու նպատակով։ Ֆինանսական կառույցի վարկունակության պահանջները բավարարելու դեպքում վարկի ստացման համար շահառուից պահանջվում է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։
- Անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- անշարժ գույքի սեփականության կամ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, որում ամրագրված է, որ հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների է։ Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրված լինելու դեպքում ներկայացվում է նաև հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիրը։ Ընդ որում, հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը պետք է կազմի վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից հաշված՝ առնվազն 10 տարի։ Անշարժ գույքի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ներկայացվում է նաև նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը՝ ջերմատան կառուցման համար,
- ծրագրի պահանջներին համապատասխանող ջերմատան նախագիծը,
- նախագիծը թողարկող պատասխանատուի երաշխավորագիրը` ծրագրի պահանջներին նախագծի համապատասխանության վերաբերյալ,
- համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու մասին։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ Կառավարության 27 հուլիսի 2023 թվականի N 1284-Լ որոշում
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության եւ նորարարությունների վարչություն՝ (+374) 11 523 411, (+374) 11 597 254, (+374) 11 297 428, (+374) 11 529 231,
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն` (+374) 11 530 333,
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության վարչություն՝ (+374) 11 597 120 հեռախոսահամարով։