Բարելավվել են ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի պայմանները
2026-08-19

News Photo

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2026 թվականների ծրագրում։

Փոփոխությամբ ընդլայնվել է այն շահառուների շրջանակը, որոնք կարող են օգտվել վարկի մարման ժամկետի երկարաձգման և վարկի մայր գումարի լրացուցիչ արտոնյալ ժամկետի հնարավորությունից։

Մինչև փոփոխությունը՝ արտոնությունը նախատեսված էր այգեհիմնում իրականացրած այն շահառուների համար, որոնց վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը լրացել էր կամ լրանալու էր մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը։ Այժմ այդ հնարավորությունից կարող են օգտվել նաև ծրագրի շրջանակում արդեն հիմնված այգում՝ առանց նոր այգեհիմնման, կարկտապաշտպան համակարգ ներդրած շահառուները։ Այս դեպքում ֆինանսական կառույցի կողմից վարկի մարման ժամկետը երկարաձգվում է 1 տարի ժամկետով, և տրամադրվում է նաև վարկի մայր գումարի 1 տարվա լրացուցիչ արտոնյալ ժամկետ։

Միաժամանակ փոխվել է արտոնությունից օգտվելու նպատակով ֆինանսական կառույց դիմելու վերջնաժամկետը։ Եթե նախկինում շահառուները պետք է դիմեին մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը, ապա փոփոխությամբ սահմանվել է նոր վերջնաժամկետ՝ 2026 թվականի նոյեմբերի 1-ը։

Ծրագրի դիմելու կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիր» էջում։

Տարածել