Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում արդյունագործական ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն՝ արտադրական կայուն գործընթացի պահպանման նպատակով։
Աջակցությունը նախատեսված է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, որոնք զբաղվում են իշխանի կամ թառափի բուծմամբ, ինչպես նաև բեղմնավորված ձկնկիթի կամ խավիարի արտադրությամբ։
Ծրագրի շրջանակում միանվագ փոխհատուցում կտրամադրվի 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում սեփական կարիքների համար ներմուծված և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ձկան կերի դիմաց։ Փոխհատուցման ենթակա կերի քանակը հաշվարկվում է առաջին կիսամյակի ընթացքում օգտագործված կերի ընդհանուր քանակի հիման վրա՝ կիսամյակի կտրվածքով հաշվարկված միջին ամսական քանակի 20 տոկոսի չափով։
Յուրաքանչյուր փոխհատուցման ենթակա 1 կիլոգրամ ձկան կերի համար կտրամադրվի 900 դրամ փոխհատուցում։
Ծրագրի դիմելու կարգին, անհրաժեշտ փաստաթղթերին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Ձկնաբուծարանների արտադրական կայուն գործընթացի պահպանման պետական աջակցության ծրագիր» էջում։