Ձկնաբուծարանների արտադրական կայուն գործընթացի պահպանման պետական աջակցության ծրագիր

Ծրագրի մասին

Ծրագրով առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում արդյունա գործական ձկնաբուծության գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին, որոնք զբաղվում են իշխանի կամ թառափի բուծմամբ, ինչպես նաև բեղմնավորված ձկնկիթի կամ խավիարի արտադրությամբ՝ բացառապես 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում սեփական կարիքների համար ներմուծված և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ձկան կերի ընդհանուր քանակի հիման վրա՝ կիսամյակի կտրվածքով հաշվարկված միջին ամսական քանակի 20 տոկոսի չափով, յուրաքանչյուր փոխհատուցման ենթակա 1 կիլոգրամի հաշվով 900 դրամի չափով՝ միանվագ փոխհատուցում տրամադրելու միջոցով։

Դիմելու կարգ

Ծրագրի շահառու դառնալու համար անհարժեշտ է դիմումը և փաստաթղթերը ներկայացնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն։        

Նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումը և կից ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և էլեկտրոնային եղանակով շահառուին է տեղեկացնում փաստաթղթերի ընդունման և դրանց ամբողջականության վերաբերյալ։ Փաստաթղթերի ամբողջական չլինելու կամ դրանցում սխալների առկայության դեպքում շահառուին առաջարկվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում համալրել անհրաժեշտ փաստաթղթերը կամ շտկել սխալները։ Սխալները շտկելուց և փաստաթղթերի փաթեթն ամբողջականացնելուց հետո նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանց համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին։

  • Եթե ներկայացված փաստաթղթերը ամբողջական են, կամ փաստաթղթերի փաթեթը համալրվելու և սխալները շտկվելուց հետո համապատասխանում է սույն կարգի պահանջներին, նախարարությունն ընդունում է դիմումը բավարարելու մասին որոշում և էլեկտրոնային եղանակով տեղեկացնում դիմումատուին՝ առաջարկելով ներկայանալ Նախարարություն՝ փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիր կնքելու նպատակով։    
  • Եթե ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ փաստաթղթերի փաթեթը չի համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին կամ առկա են փոխհատուցման տրամադրումը բացառող հանգամանքներ, ապա նախարարությունն ընդունում է դիմումը մերժելու մասին որոշում, որը ենթակա է բողոքարկման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով:  

Դիմումատուն պայմանագիր կնքելու վերաբերյալ տեղեկացումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է ներկայանալ Նախարարություն՝ փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիր կնքելու նպատակով։ Եթե դիմումատուն սույն կետով սահմանված ժամկետում, առանց հիմնավոր պատճառի, փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիր կնքելու համար չի ներկայանում Նախարարություն, ապա նրա դիմումը ենթակա է մերժման։ Փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագրի օրինակելի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով։    

Նախարարությունը, պայմանագիրը կնքելուց հետո, սույն միջոցառման շրջանակում նախատեսված և փոխանցման ենթակա ֆինանսական միջոցները, 15 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է շահառուի բանկային հաշվեհամարին։

Նախարարությունն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում ձկնաբուծարանների գործունեության, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից ներկայացված հաշվետվությունների կամ կերի ձեռքբերման հետ կապված ցանկացած փաստաթղթերի վերաբերյալ իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություններ։
 

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Դիմում,
  • իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման վկայականի պատճենը,
  • ջրօգտագործման թույլտվության վավեր պատճենը,
  • հայտարարություն՝ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու վերաբերյալ,
  • սեփական կարիքների համար 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կերի ներկրված լինելու դեպքում՝ դրա ծավալի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրված թույլտվության պատճենը, ներմուծման հայտարարագիրը,
  • 2026 թվականի առաջին կիսամյակում ձկան կերի ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերը՝ հաշիվ վավերագիր կամ հարկային հաշիվ (երկկողմանի էլեկտրոնային ստորագրությամբ), իսկ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ձկան կերերի մասով՝ նաև ներմուծման հայտարարագիրը,
  • կերի ծագման վերաբերյալ տեղեկանք վաճառող կազմակերպությունից՝ ներկրված լինելու դեպքում՝ ներմուծման հայտարարագիրը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում ներմուծված կերը ձեռք բերելու դեպքում՝ հաշիվ-վավերագիրը կամ հարկային հաշիվը և տվյալ խմբաքանակի  ներմուծման հայտարարագիրը,
  • Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված կերը Եվրոպական Միության անդամ երկրների ստանդարտների (ISO 22000, ISO 9001, ISO 22005 / ISO 12877, ISO/IEC 17025, ISO 6887-3, FSSC 22000, GMP+ FSA) կամ Եվրասիական Տնտեսական Միության ստանդարտների համապատասխանելու վերաբերյալ սերտիֆիկատ․                8) գրավոր համաձայնություն՝ ծրագրի շրջանակում տնտեսավարողի մասին տեղեկատվությունը Նախարարությանը կամ պետական կառավարման համակարգի այլ մարմիններին փոխանցելու մասին։    
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ կառավարության 30 հուլիսի 2026 թվականի N 1125-Լ որոշում

Էկոնոմիկայի նախարարության թեժ գիծ` 81-40

ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 597 254
 

Տարածել