Կառավարության որոշմամբ բարեավվել են Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի պայմանները, ծրագրում իրականացվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ։
Փոփոխությունների համաձայն՝
- եթե դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի ամուսնալուծված անդամը դիմելու պահին ունի անչափահաս երեխա, ապա նա համարվում է այն ծնողի ընտանիքի պարտադիր անդամը, ում հետ դատարանի որոշմամբ ապրում է։ Եթե նման որոշում չկա, երեխան համարվում է մոր ընտանիքի անդամը, իսկ հայրը կարող է ընդգրկվել դիմում-հայտարարությունում առանց երեխայի,
- եթե ընտանիքի բոլոր անդամների տվյալներն առկա են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված տեղահանված անձանց տվյալների շտեմարանում, ապա այդ ընտանիքի՝ 2023 թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ 6 տարին չլրացած երեխան համարվում է շահառու՝ անկախ նրանից, թե նրա տվյալները առկա են շտեմարանում, թե ոչ,
- ծրագրի շրջանակում առկա դրական մնացորդը հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն տան վերանորոգման, այլ նաև անհատական բնակելի տների վերակառուցման ու տնամերձ տարածքի կառուցապատման համար,
- հավաստագիրն իրացրած ընտանիքի՝ հավաստագրում չներառված մեկ կամ երկու անդամներն իրենց չիրացրած հավաստագրերը կարող են միավորել այդ ընտանիքի հավաստագրի հետ։ Այս դեպքում աջակցության գումարը կարող է օգտագործվել որպես դրական մնացորդ ծրագրով սահմանված ուղղություններով և սահմանաչափերով,
- տրամադրվող ֆինանսական աջակցությունը չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։
Ծրագրի վերաբերյալ այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ irazekum.am կայքի «Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր» բաժնում, ինչպես նաև bnakavayr.am կայքում։