2026 թվականին Հայաստանի Հանրապետությունում իրականացվելու է կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառում, որի նպատակն է աջակցել հանրապետության մարզերում կովի անմշակ կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին և խթանել անասնապահության ոլորտի զարգացումը։
Միջոցառումն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը և նախատեսում է պետական աջակցություն այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք զբաղվում են կաթի արտադրությամբ և տնօրինում են առնվազն 3 գլուխ կով։
Ծրագրի շրջանակում սուբսիդավորում է տրամադրվելու շահառուի տնօրինության տակ գտնվող 3-րդ գլխից մինչև 22-րդ գլուխը ներառյալ կովերի համար՝ առավելագույնը 20 գլխի հաշվարկով։ Յուրաքանչյուր կովի համար նախատեսված է 15 000 դրամ սուբսիդավորում։
Միջոցառման շահառու կարող են դառնալ 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, որոնք տնօրինում են 3 և ավելի կով։ Միաժամանակ, կենդանիները պետք է հաշվառված լինեն «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում և ընդգրկված լինեն գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակում իրականացված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներում։
Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառում» էջում։