Կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառում
մինչև 2026-12-31

Ծրագրի մասին

2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառման նպատակն է հանրապետության մարզերում կաթի արտադրության գործընթացին աջակցելու նպատակով սուբսիդավորել կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին։

Միջոցառումը նախատեսված է իրականացնել 2026 թվականին, և այն կընդգրկի ՀՀն բոլոր մարզերը։ Սուբսիդավորումը տրամադրվում է շահառուի կողմից տնօրինվող միայն 3-րդ գլխից սկսած մինչև 22 գլուխը ներառյալ (առավելագույնը 20 գլուխ) կովերի համար՝ մեկ կովի հաշվով 15000 դրամի չափով։

Միջոցառման մասնակիցներն են՝

  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը.
  • ՀՀ մարզպետների աշխատակազմերը.
  • ՀՀ համայնքները կամ բնակավայրերը․
  • կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները։

 

Ովքե՞ր կարող են դիմել

2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող՝ 3 գլուխ և ավելի կովեր տնօրինող այն տնտեսավարող սուբյեկտները՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերը, որոնց տնօրինության տակ գտնվող կովերը հաշվառված են «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում և ներառված են եղել գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներում։

Դիմելու կարգ

Սուբսիդավորման տրամադրման գործընթացը նախաձեռնում է շահառուն, որը սուբսիդավորման գումարի ստացման նպատակով էլեկտրոնային եղանակով դիմում է համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների գույքային համարները։

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • դիմում
  •  անձը հաստատող փաստաթղթի պատճենը
  • «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ պայմանագրային հիմունքներով ծառայություն մատուցող անասնաբույժի կողմից տրված գրանցամատյանից քաղվածք՝ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումներում կենդանիների ներգրավված լինելու վերաբերյալ
  • գրավոր համաձայնություն՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ պետական կառավարման համակարգի այլ մարմիններին փոխանցելու մասին
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ կառավարության 8 մայիսի 2026 թվականի N 640-Լ որոշում

Էկոնոմիկայի նախարարության թեժ գիծ` 81-40

ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 597 254

Տարածել