ՀՀ կառավարության որոշմամբ բարելավվել և ընդլայնվել են արտադրության արդիականացմանն ուղղված պետական աջակցության ծրագրի պայմանները՝ տնտեսավարողներին տրամադրելով ավելի լայն հնարավորություններ արտադրական կարողությունների զարգացման, թվայնացման և ներդրումային ծրագրերի իրականացման համար։
Ծրագրի հիմնական նպատակը տնտեսավարողների համար մատչելի ֆինանսական միջոցների հասանելիության ապահովումն է՝ արտադրական հնարավորությունների արդիականացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, արտադրողականության բարձրացման և արտադրվող ապրանքների ու մատուցվող ծառայությունների մրցունակության աճի նպատակով։
Փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է ծրագրի շրջանակում ֆինանսավորվող ուղղությունների շրջանակը։ Եթե նախկինում պետական աջակցությունը տրամադրվում էր միայն նոր (չօգտագործված) մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերման համար, ապա այժմ ծրագրում ներառվել են նաև մեքենասարքավորումների մոնտաժման և սպասարկման նպատակով իրականացվող կապիտալ շինարարությունը, բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման ձեռքբերումը, արտադրողականության բարձրացմանն ուղղված խորհրդատվական ծառայությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզերում հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման և վերակառուցման ծրագրերը։
Նոր կարգավորումներով տնտեսավարողներին հնարավորություն է տրվել մեկ անգամ գործող վարկային կամ լիզինգային պարտավորությունը տեղափոխել մեկ ֆինանսական կազմակերպությունից այլ ֆինանսական կազմակերպություն՝ պահպանելով պետական սուբսիդավորման իրավունքը։ Այս փոփոխությունը լրացուցիչ ճկունություն է ապահովում շահառուների համար և նպաստում է ֆինանսավորման առավել բարենպաստ պայմանների ընտրությանը։
Ընդլայնվել են նաև սուբսիդավորվող ներդրումների չափերը և ուղղությունները։ Մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերման համար սուբսիդավորվող առավելագույն գումարը շարունակում է կազմել մինչև 1 միլիարդ դրամ։ Միաժամանակ, բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման և արտադրողականության բարձրացմանն ուղղված խորհրդատվական ծառայությունների համար սահմանվել է մինչև 400 միլիոն դրամ սուբսիդավորվող սահմանաչափ, իսկ կապիտալ շինարարության դեպքում՝ մինչև ձեռք բերվող մեքենասարքավորման արժեքի 30 տոկոսի չափով։
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով տրամադրվող վարկերի համար սահմանվել են առանձին աջակցության պայմաններ։ Մարզերում իրականացվող նման ծրագրերի դեպքում սուբսիդավորման չափը կկազմի մինչև 8 տոկոս՝ ՀՀ դրամով և մինչև 6 տոկոս՝ արտարժույթով տրամադրված վարկերի համար։ Նախագծերի մասնագիտական գնահատումն իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից։
Ծրագրի գործող մյուս հիմնական պայմանները պահպանվել են։ Մասնավորապես, վարկի կամ լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածը շարունակում է կազմել մինչև 6 ամիս, իսկ սուբսիդավորման առավելագույն ժամկետը՝ մինչև 42 ամիս։
Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Տնտեսության արդիականացման միջոցառում» էջում։