Ծանոթագի՛ր եկամուտների հայտարարագրման դեպքում սոցիալական ծախսերի փոխհատուցման ծրագրին
2026-05-25

News Photo

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից:

Ո՞ր դեպքում կարող եք օգտվել կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից

Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող եք օգտվել հետևյալ դեպքերում․

  1. Հայաստանում գործող նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) հաստատություններում, ինչպես նաև միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար կատարել եք ուսման վճարում։ Հիշեք, որ ուսման վճարի փոխհատուցման նպատակով՝ 2025 թվականի փետրվարի 15-ից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով։
  2. Հայաստանում գործող երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և կրթու­­թյան պետա­­կան կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների համար անկանխիկ եղանակով կատարել եք ուսման վճարում:
  3. Կրթու­­թյան պետա­­կան կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների համար անկանխիկ եղանակով կատարել եք ուսման վճարում։
  4. Միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթության շրջանակում դասագրքերի (5-ից 12-րդ դասարանների) վարձակալության համար կատարել եք վճարում։ Այս դեպքում վճարումները կարող են կատարվել կանխիկ եղանակով, քանի որ դասագրքերի վարձակալության դեպքում վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։ Դասագրքերի վարձակալության գծով ծախսերի փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան կազմում է 3000 դրամ։

Համապատասխան կազմակերպությունների և ծրագրերի ցանկը հասանելի է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում։

Անհրաժեշտ է իմանալ հայտարարատու ֆիզիկական անձը սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել նաև, եթե հաշվետու տարվա ընթացքում համայնքային ենթակայության մանկապարտեզի կամ արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (օրինակ՝ երաժշտական, նկարչական, սպորտի և արվեստի դպրոցների և այլն) ծառայությունների համար վճարել է տեղական վճար համայնքային բյուջե։ Այս դեպքում համայնքային ենթակայությամբ մանկապարտեզը կամ արտադպրոցական դաստիարակության հաստատությունը պետք է համայնքի անունից դուրս գրի սոցիալական ծախսը հիմնավորող հաշվարկային փաստաթուղթ՝ հայտարարատուի անունով և վճարված տեղական վճարի չափով։

Կարևոր է իմանալ․ նույն անձի համար կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել ընտանիքի հայտարարատու հանդիսացող մի քանի անդամ։ Օրինակ, եթե ուսումնական տարվա մեկ կիսամյակի համար ուսման գծով ծախսը կատարել է մայրը, իսկ մյուս կիսամյակի համար՝ հայրը, ապա երկուսն էլ, միաժամանակ, կարող են ստանալ փոխհատուցում։ Այս դեպքում կարևոր է՝ որպես սոցիալական ծախս կատարող հաշվարկային փաստաթուղթը դուրս գրված լինի յուրաքանչյուրի հանրային ծառայությունների համարանիշով՝ առանձին-առանձին։

Որքան է կազմում փոխհատուցման գումարը

Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։

Անհրաժեշտ է հիշել, որ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույնը չափը կազմում է տարեկան 100000 դրամ:

Այսինքն, եթե Դուք ուսման վճարի համար ստանաք 100.000 դրամ փոխհատուցում, ապա չեք կարող այլևս օգտվել առողջության ապահովագրական փաթեթի 50.000 դրամ փոխհատուցումից։ Երկու ուղղություններով փոխհատուցումից միաժամանակ կարող եք օգտվել, եթե դրանց հանրագումարը չգերազանցի 100.000 դրամը։

Ծրագրի դիմելու կարգին, շահառուների շրջանակին ծանոթացե՛ք հարթակի «Եկամուտների հայտարարագրման դեպքում սոցիալական ծախսերի փոխհատուցման ծրագիր» էջում։

Տարածել