Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից:
Հաջորդիվ հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում է սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը։
Կարևոր է իմանալ․ ՀՀ ռեզիդենտ համարվելու համար ֆիզիկական անձը պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվի Հայաստանում կամ նրա կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, մասնավորապես, ֆիզիկական անձի ընտանիքը, տունը կամ բնակարանը, մասնագիտական կամ այլ գործունեության հիմնական վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող անձինք:
Ո՞ր դեպքում կարող եք օգտվել կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից
Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող եք օգտվել հետևյալ դեպքերում․
Համապատասխան կազմակերպությունների և ծրագրերի ցանկը հասանելի է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում։
Անհրաժեշտ է իմանալ․ հայտարարատու ֆիզիկական անձը սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել նաև, եթե հաշվետու տարվա ընթացքում համայնքային ենթակայության մանկապարտեզի կամ արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (օրինակ՝ երաժշտական, նկարչական, սպորտի և արվեստի դպրոցների և այլն) ծառայությունների համար վճարել է տեղական վճար համայնքային բյուջե։ Այս դեպքում համայնքային ենթակայությամբ մանկապարտեզը կամ արտադպրոցական դաստիարակության հաստատությունը պետք է համայնքի անունից դուրս գրի սոցիալական ծախսը հիմնավորող հաշվարկային փաստաթուղթ՝ հայտարարատուի անունով և վճարված տեղական վճարի չափով։
Կարևոր է իմանալ․ նույն անձի համար կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել ընտանիքի հայտարարատու հանդիսացող մի քանի անդամ։ Օրինակ, եթե ուսումնական տարվա մեկ կիսամյակի համար ուսման գծով ծախսը կատարել է մայրը, իսկ մյուս կիսամյակի համար՝ հայրը, ապա երկուսն էլ, միաժամանակ, կարող են ստանալ փոխհատուցում։ Այս դեպքում կարևոր է՝ որպես սոցիալական ծախս կատարող հաշվարկային փաստաթուղթը դուրս գրված լինի յուրաքանչյուրի հանրային ծառայությունների համարանիշով՝ առանձին-առանձին։
Ինչպես պարզել կրթական ծրագրերի երաշխավորված լինելը
Պարզելու համար՝ արդյոք արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթական ծրագիրը, որից Դուք օգտվել եք, երաշխավորված է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից, թե՝ ոչ, այցելեք ԿԳՄՍՆ www.escs.am պաշտոնական կայքէջ, ապա մուտք գործեք «Սոցիալական կրեդիտ» բաժին և ծանոթացեք երաշխավորված ծրագրերի ցանկին, որոնք պարբերաբար լրացվում են՝ նոր երաշխավորվող ծրագրերին զուգընթաց։
Կարևոր է իմանալ․ 2024 թվականի ընթացքում արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի դիմաց կատարված վճարումները կփոխհատուցվեն, եթե այդ կրթական ծրագրերը երաշխավորվեն մինչև Ձեր կողմից հայտարարագրի (այդ թվում՝ ճշտված) ներկայացումը։ Իսկ հետագա հաշվետու տարիների ընթացքում կատարված վճարումները կփոխհատուցվեն, եթե կրթական ծրագրերը երաշխավորված լինեն հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթվի դրությամբ:
Ո՞ր դեպքում կարող եք օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից
Առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող եք օգտվել հետևյալ դեպքերում․
Կարևոր է իմանալ․ սոցիալական փաթեթի շահառուներն առողջության ապահովագրական փաթեթի դեպքում սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող են օգտվել միայն ընտանիքի անդամների համար, իսկ ատամնաբուժական ծառայությունների դեպքում կարող են օգտվել նաև իրենց համար կատարված ծախսերի դեպքում: Հայաստանում ատամնաբուժական ծառայությունների համար սոցիալական ծախսի փոխհատուցում տրամադրվում է միայն 2024 և 2025 թվականների համար։
Որքան է կազմում փոխհատուցման գումարը
Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։
Անհրաժեշտ է հիշել, որ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույնը չափը կազմում է տարեկան 100․000 դրամ:
Այսինքն, եթե Դուք ուսման վճարի համար ստանաք 100.000 դրամ փոխհատուցում, ապա չեք կարող այլևս օգտվել առողջության ապահովագրական փաթեթի 50.000 դրամ փոխհատուցումից։ Երկու ուղղություններով փոխհատուցումից միաժամանակ կարող եք օգտվել, եթե դրանց հանրագումարը չգերազանցի 100.000 դրամը։
Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և արդեն ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիր, ապա Ձեր եկամտային հարկի գումարից կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Հնարավորությունը գործում է ինչպես Ձեր, այնպես էլ՝ Ձեր ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։
Փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե հաշվետու տարվա ընթացքում կրթության և/կամ առողջապահության գծով կատարել եք սոցիալական ծախսեր։
Կարևոր է իմանալ․ Հայտարարատու ֆիզիկական անձը սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող է օգտվել, եթե 2025 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերն անմիջականորեն կատարվել են իր կողմից (այսինքն՝ վճարումը հիմնավորող փաստաթղթով որպես վճարող հանդիսանում է հայտարարատուն)։ Բացառությամբ՝ դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերի և աշխատողից հատուցում ստանալու պայմանով գործատուի կողմից ապահովագրական փաթեթների ձեռքբերման գծով կատարված ծախսերի։ Իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ը կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցումից հայտարարատուն կարող է օգտվել նաև այն դեպքում, երբ սոցիալական ծախսերի դիմաց փաստացի վճարումը կատարվել է այլ անձի կողմից, սակայն իր միջոցներով, ինչը պետք է հիմնավորել վճարումը հիմնավորող փաստաթղթով կամ վճարման հանձնարարականով (վճարումը տվյալ ֆիզիկական անձի միջոցներից կատարված լինելու մասին նշումով) կամ ֆիզիկական անձի (անձանց) համապատասխան հաստատմամբ (հայտարարությունով)։
Հիշեցում. այն դեպքում, եթե հաշվետու տարում կատարել եք սոցիալական ծախս և վճարել եկամտային հարկ, ապա սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել Ձեր կողմից եկամուտների հայտարարագիրն ստորագրված տարբերակով ՊԵԿ հանձնելուց հետո, հակառակ դեպքում՝ եթե եկամուտների հայտարարագիրը նախալրացվել և ժամկետի ավարտին հանձնվել է ՊԵԿ ինքնաշխատ եղանակով, ապա չեք կարող օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից։
Կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է իրականացնել հաջորդիվ ներկայացվող քայլերը։
Քայլ առաջին՝ պահանջել հաշվարկային փաստաթուղթ
Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է սոցիալական ծախս կատարելիս՝ ծառայություն մատուցողից, այսինքն՝ ապահովագրական ընկերությունից, ատամնաբուժական ծառայություն մատուցողից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջել Ձեր տվյալներով հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս), որը դուրս գրելուց հետո ինքնաշխատ կարտացոլվի հայտարարագրման համակարգում։ Բացառություն են կազմում դասագրքերի վարձակալության համար կատարված վճարները, որոնց դեպքում հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհրաժեշտություն չկա, քանի որ հիմք է ընդունվում ԿԳՄՍ նախարարության կողմից հարկային մարմնին տրամադրված՝ աշակերտների և նրանց ծնողների վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ):
Հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու նպատակով ծառայություն մատուցողին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ։ Իսկ այն դեպքում, երբ հայտարարատուն Դուք եք, բայց սոցիալական ծախսը կատարում եք Ձեր ընտանիքի անդամի համար, ապա պետք է ներկայացնեք նաև ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ)։
Կարևոր է իմանալ․ եթե 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ 2026 թվականին ֆիզիկական անձը պետք է ներկայացնի հայտարարագիր և 2025 թվականի ընթացքում կատարել է սոցիալական ծախս, սակայն չունի հաշվարկային փաստաթուղթ, ապա կատարված սոցիալական ծախսը հիմնավորելու և փոխհատուցում ստանալու համար ծառայություն մատուցողից կարող է պահանջել դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ։ Եթե մինչ ծառայություն մատուցողի կողմից հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելն, արդեն իսկ հանձնել եք 2025 թվականի հաշվետու տարվա համար եկամուտների տարեկան հայտարարագիրը, ապա անհրաժեշտ է հաշվարկային փաստաթուղթը դուրս գրելուց հետո կրկին ներկայացնել 2025 թվականի հայտարարագիր՝ ճշգրտված հայտարարագիր ներկայացնելու նշումով, որտեղ հայտարարագրի 4-րդ՝ «Սոցիալական ծախսեր» բաժնում, արտացոլված կլինի նաև կատարված ծախսը։
Քայլ երկրորդ՝ ներկայացնել դիմում և ստանալ գումարը
Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո, հենց նույն համակարգի միջոցով, որով ներկայացրել եք տարեկան հայտարարագիրը, կարող եք դիմել և հետ ստանալ սոցիալական ծախսի համար վճարված գումարները՝ հետևյալ քայլերի հաջորդականությամբ․
Դիմումն ուղարկելուց հետո սոցիալական ծախսի գումարը Ձեր նշած հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո՝ մինչև երրորդ աշխատանքային օրը։
Կարևոր է իմանալ․ եթե հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձն օգտվում է հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցում կկատարվի այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար հաշվարկված և/կամ վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարների միջև առկա է դրական տարբերության։
Օրինակ, եթե Ձեր տարեկան եկամտային հարկը կազմել է 800 000 դրամ և տարվա ընթացքում հիփոթեքային վարկի մասով Ձեզ վերադարձվել է 650 000 դրամ եկամտային հարկ, ապա կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից՝ առավելագույնը 100 000 դրամի չափով, քանի որ գումարների տարբերությունը դրական է և մնացորդը կազմում է 150 000 դրամ։ Մեկ այլ դեպքում, եթե Ձեզ վերադարձվել է 770 000 դրամ, ապա Ձեր սոցիալական ծախսի փոխհատուցումը կկազմի 30 000 դրամ, քանի որ գումարների դրական տարբերությունն այդքան է։ Իսկ չեք կարող օգտվել, եթե եկամտային հարկն ամբողջությամբ Ձեզ է վերադարձվել, հետևաբար չկա մնացորդ։ Այս դեպքում սոցիալական ծախսի փոխհատուցում կարող եք ստանալ, եթե եկամուտների տարեկան հայտարարագրի 5-րդ բաժնում առկա է պետական բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումար։
ՀՀ Կառավարության 29 հունիսի, 2023 թվականի N 1067-Ն որոշում,
ՀՀ Կառավարության 16 հունիսի, 2023 թվականի N 956-Ն որոշում,
ՀՀ կառավարության 13 փետրվարի 2025 թվականի N 157 Ն որոշում։
ՀՀ ֆինանսների նախարարության կայք,
ՀՀ ՊԵԿ կայք,
ՀՀ ՖՆ թեժ գիծ՝ +374 (11) 800 600,
ՀՀ ՊԵԿ՝ +374 (60) 84 44 44 :