Վերագործարկվել է թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը
2026-04-09

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամբ վերագործարկվել է թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը, որը ուղղված է Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկային և դեպի տնտեսության իրական հատված ֆինանսավորման հոսքերին նոր լիցք հաղորդելուն։

Ծրագրով առաջարկվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝

  1. դրամով թողարկված, թողարկման պահին առնվազն 36 ամիս մարման ժամկետ ունեցող և միջոցառումն ուժի մեջ մտնելուց հետո բորսայում ցուցակված պարտատոմսերի տեղաբաշխման և շրջանառության սպասարկման օժանդակություն հետևյալ չափերով՝
    - պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար՝ տեղաբաշխված պարտատոմսերի ծավալի (անվանական արժեքով հաշվարկված) 2 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան երեսուն միլիոն դրամ.
    - պարտատոմսերի շրջանառության համար՝ տեղաբաշխված և փաստացի շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի ծավալի (անվանական արժեքով հաշվարկված) երեքական տոկոսի չափով առաջին երեք տարվա համար, սակայն ոչ ավելի, քան քառասունհինգ միլիոն դրամ՝ շրջանառության յուրաքանչյուր 12 ամսվա համար:
  2. բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն յուրաքանչյուր շահառուի համար միայն մեկ անգամ, ընդ որում՝ փոխհատուցվում է փաստացի կատարված և համապատասխան փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 80%-ը, սակայն ոչ ավելի, քան հիսուն միլիոն դրամ։ Նշված ծախսերը ներառում են արտաքին աուդիտի, ներդրումային, բանկային և բորսայական ծառայությունների ծախսերը՝ կապված թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման հետ,
  3. միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերի 50%-ի չափով սուբսիդավորում, սակայն ՀՀ-ում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակման դեպքում՝ առաջին տարվա ծախսերի մինչև 80%-ի չափով սուբսիդավորում (30%` ի հավելումն նախորդող 50%-ի), եթե պահպանվել են պարտատոմսերի կապակցությամբ նախագծի հավելվածի 2-րդ կետով նախատեսված պահանջները։

Ծրագրի շահառուների շրջանակին, դիմելու կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիր» էջում։ 

Տարածել