Բնակչության առողջության պահպանման, կյանքի միջին տևողության ավելացման, հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցման, ինչպես նաև կյանքի որակի բարելավման նպատակով ՀՀ Առողջապահության նախարարությունը գործարկել է առողջության համընդհանուր ապահովագրության ծրագիրը։
Համակարգը կներդրվի փուլային եղանակով։ Առաջին փուլում ծրագրում կընդգրկվի շուրջ 1 600 000 քաղաքացի։
Ի՞նչ է ներառում ծրագիրը
Ապահովագրության փաթեթում ներառված են հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների և դեղերի կոնկրետ ցանկեր, որոնք հասանելի կլինեն «Արմեդ» հավելվածում, ինչպես նաև Առողջապահության նախարարության և Հիմնադրամի պաշտոնական կայքերում։
Բուժծառայությունների ստացումը, բացառությամբ շտապ և անհետաձգելի դեպքերի, սկսվելու է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակից։
Ինչպե՞ս միանալ համակարգին
Համակարգում ընդգրկվելու համար քաղաքացին պետք է գրանցվի «Արմեդ» հավելվածում և մեկ սեղմումով ակտիվացնի ապահովագրության փաթեթը։
Եթե քաղաքացին չունի հավելվածից օգտվելու հնարավորություն, փաթեթը կարող է ակտիվացնել իր ընտանեկան բժշկի, ամբուլատոր թերապևտի կամ բուժքրոջ միջոցով։
Որքա՞ն է կազմում ապահովագրության վճարը
Ապահովագրության փաթեթի տարեկան արժեքը կազմում է 129 600 դրամ (ամսական՝ 10 800 դրամ)։ Փաթեթի արժեքը բոլորի համար նույնն է՝ անկախ աշխատավարձի չափից։
Միաժամանակ պետությունը տարբեր աշխատավարձային խմբերի համար սահմանել է փոխհատուցման մեխանիզմներ, որոնց արդյունքում մի շարք քաղաքացիների դեպքում աշխատավարձից փաստացի պահվող գումարը կարող է լինել նվազագույն, իսկ որոշ դեպքերում՝ ամբողջությամբ վերադարձվել եկամտահարկի հայտարարագրման կամ սոցկրեդիտի համակարգով։
Անհատ ձեռներեցները և նոտարները, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է 2 400 001 դրամ և ավելի, մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացնեն հաշվետվությունը և վճարեն ապահովագրության տարեկան վճարը։
Համակարգում ընդգրկված շահառուների շրջանակի, աշխատավարձային խմբերի և փոխհատուցման մանրամասն հաշվարկների մասին կարող եք տեղեկանալ հարթակի «Առողջության համընդհանուր ապահովագրության ծրագիր» էջում։