Առողջության համընդհանուր ապահովագրության ծրագիր

Ծրագրի մասին

Բնակչության առողջության պահպանման, կյանքի միջին տևողության երկարաձգման, հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցման և կայքնի որակի բարելավման նպատակով ՀՀ Առողջապահության նախարարությունը գործարկել է առողջության համընդհանուր ապահովագրության ծրագիրը։

Ապահովագրության փաթեթի տարեկան արժեքը 129 600 դրամ  է՝ ամսական 10800 դրամ:

Համակարգը կներդրվի փուլային տարբերակով։ Առաջին փուլում կընդգրկվի շուրջ 1 600 000 մարդ։ 

Առողջության համապարփակ ապահովագրության փաթեթի արժեքը բոլորի համար, անկախ աշխատավարձի չափից, նույնն է, սակայն վճարման կարգն ու պետության կողմից փոխհատուցման չափը պայմանավորված են յուրաքանչյուր շահառուի աշխատավարձի չափով։

200 001–500 000 դրամ աշխատավարձի դեպքում ապահովագրության ամսական 10 500 դրամն ամբողջությամբ կփոխհատուցվի։

Փոխհատուցման կարգը հետևյալն է․

«Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5 500 դրամի փոխարեն կհատկացվի 1 000 դրամ, 4 500 դրամը կուղղվի Ապահովագրության հիմնադրամին, իսկ 6 000 դրամը կփոխհատուցվի պետական բյուջեից։ Փաստացի այս խմբի քաղաքացու աշխատավարձից ամսական կպահվի 300 դրամ։ Եթե 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացին սոցփաթեթի շահառու է, նրա դեպքում ևս «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5 500 դրամից 4 500 դրամը կհատկացվի ապահովագրավճարին, իսկ 6 000 դրամը կարող են վճարել իրենց սոցփաթեթի գումարից։

500 001 դրամից մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների դեպքում «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 8 500 դրամից 7 500 դրամն ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին, մնացած 3 300 դրամը պահվելու է աշխատավարձից, սակայն 2027 թվականին այն ամբողջությամբ կարող են հետ ստանալ ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգով՝ որպես եկամտահարկի վերադարձ։

Մեկ միլիոն դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները կշարունակեն «Զինապահ» հիմնադրամին հատկացնել 15 000 դրամ։ Ամսական 10 800 դրամ ապահովագրավճարը նրանք ամբողջությամբ վճարելու են, սակայն հաջորդ տարի կարող են սոցկրեդիտի վերադարձով յուրաքանչյուր վճարած ամսվա համար 4 000 դրամ հետ ստանալ։

Անհատ ձեռներեցները և նոտարները, որոնց տարեկան շրջանառությունը 2 400 001 դրամ և ավելի է, մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացնեն հաշվետվությունը և վճարեն ապահովագրության տարեկան վճարը։

 

Ովքե՞ր կարող են դիմել

1-ին փուլով ապահովագրվում են ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ՝

  • մինչև 18 տարեկանները 
  • առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկանները
  • առանց ծնողական խնամքի մնացած առկա ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկանները
  • 65 + տարիքի քաղաքացիները
  • հաշմանդամության 1-3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին սահմանափակում ունեցող անձինք
  • զոհված զինծառայողների ընտանիքների անդամները
  • Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները
  • Հայրենական պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք
  • բռնադատվածները
  • հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները
  • հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներից մեկը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն
  • անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամը՝ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով
  • 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները
  • 2 400 001 դրամ և ավելի համախառն եկամուտ ունեցող ԱՁ-ներ և նոտարները:
Դիմելու կարգ

Համակարգում ընդգրկվելու համար քաղաքացին պետք է գրանցվի «Արմեդ» հավելվածում և մեկ սեղմումով ակտիվացնի ապահովագրության փաթեթը։ Եթե քաղաքացին չունի հասանելիություն էլեկտրոնային հավելվածին, ապա նա իր ընտանեկան բժշկի, ամբուլատոր թերապևտի, բուժքրոջ միջոցով ևս կարող է ակտիվացնել իր փաթեթը:

Ապահովագրությամբ բուժծառայություն ստանալու գործընթացը սկսվելու է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակից, եթե շտապ և անհետաձգելի բուժօգնություն չէ:

«Արմեդ» հավելվածում, Առողջապահության նախարարության և Հիմնադրամի պաշտոնական կայքերում կլինեն ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղերի կոնկրետ ցանկեր:

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

Ծրագրի վերաբերյալ հաճախ տրվող հարցեր՝ 

Հղումներ` uhif.am, https://moh.am/#1/8250
Թեժ գիծ՝  8003,
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ` 8866։

Տարածել