2025 թ․ սեպտեմբեր ամսից մայրության նպաստները նշանակվում, հաշվարկվում և վճարվում են Միասնական սոցիալական ծառայության կողմից․ նպաստ ստանալու համար շահառուն այլևս որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չունի:
Նոր կարգավորումներով՝ թղթային անաշխատունակության թերթիկներ այլևս չեն լինի։ Անաշխատունակության դեպքում (այդ թվում՝ հղիության և ծննդաբերության հիմքով բացված) անձը պետք է դիմի համապատասխան բժշկական կազմակերպություն, իր անվամբ կստեղծվի էլեկտրոնային անաշխատունակության թերթիկ, որն ինքնաշխատ եղանակով փոխանցվելու է Միասնական սոցիալական ծառայության կողմից վարվող համապատասխան տեղեկատվական համակարգ։
Նպաստը վճարվելու է բացառապես անկանխիկ եղանակով՝ քաղաքացու կողմից ընտրված բանկի միջոցով։
Չաշխատող անձանց մայրության նպաստը ևս նշանակվելու է նոր համակարգի միջոցով՝ էլեկտրոնային առողջապահական համակարգից ստացված տվյալների հիման վրա։
Նոր ստեղծված համակարգի միջոցով նպաստը հաշվարկելուց և վճարման փոխանցվելուց հետո անձին այդ մասին կծանուցվի, իսկ հաշվարկված նպաստի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն քաղաքացին կարող է ստանալ e-social.am ՀՀ սոցիալական պաշտպանության ծառայությունների միասնական հարթակում գրանցվելուց և նույնականացում անցնելուց հետո։
Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Մայրության նպաստ» էջում։