Մայրության նպաստ

Ծրագրի մասին

Մայրության նպաստը նորածին երեխայի ծնողներին տրամադրվող միանվագ օգնություն է։

Գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը 140 օր է, որը ներառում է 70 օր հղիության, 70 օր՝ հետծննդաբերական ժամանակահատվածից: Այս դեպքում մայրության նպաստի չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից։

Չաշխատող անձանց դեպքում մայրության նպաստի չափը 172,500 դրամ է։

Ովքե՞ր կարող են դիմել

Մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները:  

Դիմելու կարգ

Մայրության նպաստները նշանակվում, հաշվարկվում և վճարվում են Միասնական սոցիալական ծառայության կողմից․ նպաստ ստանալու համար շահառուն որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չունի:

Անաշխատունակության դեպքում (այդ թվում՝ հղիության և ծննդաբերության հիմքով բացված) անձը պետք է դիմի համապատասխան բժշկական կազմակերպություն, իր անվամբ կստեղծվի էլեկտրոնային անաշխատունակության թերթիկ, որն ինքնաշխատ եղանակով փոխանցվելու է Միասնական սոցիալական ծառայության կողմից վարվող համապատասխան տեղեկատվական համակարգ։

Նպաստը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ քաղաքացու կողմից ընտրված բանկի միջոցով։ Բանկի ընտրությունը քաղաքացին կատարելու է անաշխատունակության թերթիկ բացելիս։ Եթե քաղաքացու ընտրած բանկում վերջինս ունի գործող հաշիվ, ապա նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը փոխանցվելու է այդ հաշվին։ Եթե քաղաքացին իր ընտրած բանկում չունի գործող բանկային հաշիվ, ապա բացվելու է նոր՝ միանվագ դրամական վճարների հաշիվ և նպաստի գումարը վճարվելու է այդ հաշվի միջոցով։

Չաշխատող անձանց մայրության նպաստը ևս նշանակվում է էլեկտրոնային առողջապահական համակարգից ստացված տվյալների հիման վրա։ Նպաստը հաշվարկելուց և վճարման փոխանցվելուց հետո անձին այդ մասին կծանուցվի, իսկ հաշվարկված նպաստի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն քաղաքացին կարող է ստանալ e-social.am ՀՀ սոցիալական պաշտպանության ծառայությունների միասնական հարթակում գրանցվելուց և նույնականացում անցնելուց հետո։

Միասնական սոցիալական ծառայություն դիմում ներկայացվում է միայն այն դեպքերում, երբ նպաստը պետք է վճարվի՝
․ որպես մահվան պատճառով չվճարված գումար, կամ
․ դատական ակտի հիման վրա, կամ
․ այն անձին, ում վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ համարվում է սահմանափակ օգտագործման։
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ ԱՍՀՆ

Թեժ գիծ՝ 114

Տարածել