Կառավարության որոշմամբ գործարկվել է տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը։ Ծրագրի նպատակն է բնակավայրերի տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել բարձր բերքատվությամբ, հավաստագրված (բացառությամբ տեղական արտադրության տնկիների, որոնք պետք է ունենան բուսասանիտարական անձնագիր) տնկիներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը՝ Իջևան համայնքը մեկ ամբողջական կլաստեր դարձնելու տրամաբանությամբ։
Ծրագիրը կիրականացվի 2025-2026 թվականներին` ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ծաղկավան, Կիրանց, Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում։
Ծրագրի շրջանակում մրցութային եղանակով ընտրված կապալառուն իրականացնում է ՝
- յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում իրականացվելիք աշխատանքների ֆինանսական գնահատում․
- կախված յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասի հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության արդյունքներից՝ հողաբարելավում.
- հողամասի տեղաձևում.
- հողատարածքի ազատում հին ծառերից ու կոճղերից (այգեհիմնման ենթակա տարածքը ազատ չլինելու պայմաններում).
- տնկման փոսերի հորատում.
- hավաստագրված (բացառությամբ տեղական արտադրության տնկիների, որոնք պետք է ունենան բուսասանիտարական անձնագիր) տնկիների մատակարարում, հողախառնուրդի (հագեցած օրգանական և հանքային պարարտանյութերով) և տնկանյութի նախապատրաստում.
- յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում ոռոգման կաթիլային համակարգի ներդրում (ներառյալ մոնտաժը), ընդ որում՝ ոռոգման համակարգը կարող է ներդրվել առանձին ոռոգման բաքեր տեղադրելու կամ գլխամասային հանգույցի և ջրավազանի կամ այլ միջոցներով, միաժամանակ ոռոգման համակարգը պետք է ունենա 2 ֆիլտրացիոն համակարգ (ոռոգման բաքերի տեղադրման դեպքում, մեկը մինչև բաքը, մյուսը՝ բաքից հետո) և յուրաքանչյուր տնկու համար պետք է տեղադրվի 2 կաթոցիկ (տնկու աջ և ձախ կողմերում).
- յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում մեկ պտղատեսակով այգետնկում (ըստ անհրաժեշտության՝ ագրոսպանի օգտագործում) և լարասյունային համակարգի (ըստ անհրաժեշտության՝ կախված պտղատեսակից և պատվաստակալից) ներդրում.
- այգեգործության և ոռոգման կաթիլային համակարգերի շահագործման վերաբերյալ անվճար խորհրդատվության տրամադրում՝ այգեհիմնումից հետո առնվազն երկու տարի․
- տեխնիկական բնութագրով սահմանված աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացում։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ պետաջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիր» էջում։