Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագրի նպատակն է բնակավայրերի տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել բարձր բերքատվությամբ, հավաստագրված (բացառությամբ տեղական արտադրության տնկիների, որոնք պետք է ունենան բուսասանիտարական անձնագիր) տնկիներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը՝ Իջևան համայնքը մեկ ամբողջական կլաստեր դարձնելու տրամաբանությամբ։
Ծրագիրը կիրականացվի 2025-2026 թվականներին` ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ծաղկավան, Կիրանց, Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում։
Ծրագրի շրջանակում մրցութային եղանակով ընտրված կապալառուն իրականացնում է ՝
- յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում իրականացվելիք աշխատանքների ֆինանսական գնահատում․
- կախված յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասի հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության արդյունքներից՝ հողաբարելավում.
- հողամասի տեղաձևում.
- հողատարածքի ազատում հին ծառերից ու կոճղերից (այգեհիմնման ենթակա տարածքը ազատ չլինելու պայմաններում).
- տնկման փոսերի հորատում.
- hավաստագրված (բացառությամբ տեղական արտադրության տնկիների, որոնք պետք է ունենան բուսասանիտարական անձնագիր) տնկիների մատակարարում, հողախառնուրդի (հագեցած օրգանական և հանքային պարարտանյութերով) և տնկանյութի նախապատրաստում.
- յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում ոռոգման կաթիլային համակարգի ներդրում (ներառյալ մոնտաժը), ընդ որում՝ ոռոգման համակարգը կարող է ներդրվել առանձին ոռոգման բաքեր տեղադրելու կամ գլխամասային հանգույցի և ջրավազանի կամ այլ միջոցներով, միաժամանակ ոռոգման համակարգը պետք է ունենա 2 ֆիլտրացիոն համակարգ (ոռոգման բաքերի տեղադրման դեպքում, մեկը մինչև բաքը, մյուսը՝ բաքից հետո) և յուրաքանչյուր տնկու համար պետք է տեղադրվի 2 կաթոցիկ (տնկու աջ և ձախ կողմերում).
- յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում մեկ պտղատեսակով այգետնկում (ըստ անհրաժեշտության՝ ագրոսպանի օգտագործում) և լարասյունային համակարգի (ըստ անհրաժեշտության՝ կախված պտղատեսակից և պատվաստակալից) ներդրում.
- այգեգործության և ոռոգման կաթիլային համակարգերի շահագործման վերաբերյալ անվճար խորհրդատվության տրամադրում՝ այգեհիմնումից հետո առնվազն երկու տարի․
- տեխնիկական բնութագրով սահմանված աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացում։
Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ՝ ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ծաղկավան, Կիրանց, Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում առնվազն 100 քառ. մետր և ավելի մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա տնամերձ հողամաս ունեցող տնտեսավարողները։
Միաժամանակ, Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի շահառու հանդիսացած Խաշթառակ և Բերքաբեր բնակավայրերի տնտեսավարողները նույն հողամասի համար կարող են մասնակցել ծրագրին (բացառությամբ այգեհիմնված տարածքի)՝ նույն պտղատեսակով (Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի շրջանակում այգեհիմնում կատարված պտղատեսակով) այգեհիմնում կատարելու պայմանով, բացառությամբ այգեհիմնված տարածքի։
Շահառուները ծրագրին մասնակցելու նպատակով մինչև 2025 թվականի հուլիսի 15-ը (ներառյալ) դիմում են համայնքի ղեկավարին։
- համայնքի ղեկավարին են ներկայացնում ծրագրի N 1 աղյուսակում նշված պտղատեսակներից նախընտրելի մեկ պտղատեսակի (բացառությամբ Խաշթառակ և Բերքաբեր բնակավայրերի տնտեսավարողների, որոնք կարող են ընտրել միայն հոնենի կամ նռենի), ծառերից և այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա մեկ ամբողջական տնամերձ հողամասի մակերեսի և կադաստրային ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն,
- ծանուցումներ ստանալու նախընտրելի եղանակի վերաբերյալ տեղեկություն,
- շահառուի գրավոր պարտավորագիրը՝ ծրագրում նշված համամասնության չափով (առկայության դեպքում) գումար տրամադրելու վերաբերյալ,
- անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրեր, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման),
- գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ սեփականություն լինելու դեպքում՝ նոտարական կարգով վավերացված՝ համասեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը ծրագրին մասնակցելու վերաբերյալ։
- անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի առկայության պայմաններում սեփականատիրոջ բացակայության դեպքում, կարող է ներկայացվել և ծրագրին մասնակցելու հիմք հանդիսանալ սեփականատիրոջ կողմից տրված, նոտարական կարգով վավերացված լիազորագիրը,
- սեփականատիրոջ մահվան դեպքում՝ առաջին հերթի ժառանգ հանդիսանալու (համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածի) փաստը հիմնավորող փաստաթղթերը, իսկ առաջին հերթի ժառանգների բացակայության դեպքում՝ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանք հիմնավորում առ այն, որ շահառուն բնակավայրի մշտական բնակիչ է, փաստացի տնօրինում է տնամերձ հողամասը և պարտավորվում է պահպանել ծրագրով սահմանված պահանջները (նշելով շահառուի կողմից տնամերձ հողամասի փաստացի օգտագործման պատճառները)։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ Կառավարության 12 հունիսի 2025 թվականի 780 Լ որոշում
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 597 254, (+374) 11 297 428, (+374) 11 529 231,
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն` (+374) 11 530 333
ԹԵԺ ԳԻԾ` 81-40