Կառավարության որոշմամբ փոփոխություններ են տեղի ունեցել ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրում։
Ծրագիրն իրականացվում է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։
Նոր կարգավորումներով փոփոխության է ենթարկվել ծախսերի մասնակի փոխհատուցման համար կարկտապաշտպան ցանցի կամ ոռոգման արդիական համակարգեր ներդնելու կամ ջրավազանի կառուցման կամ ընդլայնման դեպքում պահանջվող փաստատթղթերի ցանկը։ Ծրագրի շահառու դառնալու համար անհարժեշտ է ներկայացնել՝
- ձեռք բերված և ներդրված, նույնականացման կոդեր ունեցող գույքի ցանկը՝ իրենց կոդերով (պոմպի և ֆիլտրի ներդրման դեպքում՝ պարտադիր, այլ գույքի համար՝ առկայության դեպքում),
- նոտարական կարգով վավերացված կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը և կատարված աշխատանքների հանձնման ընդունման ակտը, որը պետք է ներառի նաև կապալառուի փաստացի կատարված ընդամենը ծախսերի (ներառյալ ԱԱՀ-ն), կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում` նաև շահառուի կողմից վճարված և նախարարության կողմից վճարվելիք գումարների վերաբերյալ հստակ տեղեկատվություն (բացառությամբ ոռոգման շարժական համակարգի ձեռքբերման դեպքի),
- անկանխիկ վճարման անդորրագիրը (կարկտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում՝ N18 աղյուսակում ընդգրկված բնակավայրերում՝ փաստացի կատարված ծախսերի առնվազն 25%-ի, իսկ այն բնակավայրերում, որոնք ընդգրկված չեն N18 աղյուսակում՝ առնվազն 50%-ի),
- հաշվարկային փաստաթուղթը՝ հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր (ոռոգման շարժական համակարգի դեպքում ներկայացվում են ձեռքբերումը կամ ներմուծումը հավաստող փաստաթղթեր՝ ներմուծման հաշիվ վավերագիր կամ հարկային հաշիվ կամ ձեռքբերման հաշիվ վավերագիր կամ հարկային հաշիվ կամ այլ հաշվարկային փաստաթղթեր),
- ջրօգտագործման թույլտվությունը կամ ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը, իսկ ներդրված հողատարածքը ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում չգտնվելու դեպքում՝ համապատասխան տեղեկանք (բացառությամբ կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքի),
- ջրավազանի դեպքում՝ շինարարության ավարտական ակտը (որում հստակ նշված կլինի կառուցված ջրավազանի ծավալը), իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները,
- կարկտապաշտպան ցանցի կամ ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում՝ փաստացի գործառնական նշանակությանը համապատասխան անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները,
- անշարժ գույքի նկատմամբ օտարման և այլ իրավունքներով ծանրաբեռնելու սահմանափակման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը,
- կապալառուի (ենթակապալառուի)՝ տվյալ բնագավառի որակավորված աշխատող ունենալու փաստը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ կամ վկայական (հավաստագիր), աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ, ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք),
- ոռոգման արդիական համակարգերի ներդրման դեպքում՝ կապալառուի կողմից տրված երաշխավորագիր այն մասին, որ ոռոգման արդիական համակարգի խողովակների համար սահմանված ճնշումն ապահովված է համակարգի խողովակաշարի ամբողջ երկարությամբ և համակարգը ենթակա է շահագործման (համակարգը կապալառուի կողմից ձեռք բերված լինելու դեպքում) հետներդրումային 4 տարիների ընթացքում,
- կարկտապաշտպան համակարգերի ներդրման դեպքում՝ կապալառուի կողմից տրված երաշխավորագիր այն մասին, որ համակարգը ենթակա է շահագործման հետներդրումային 5 տարիների ընթացքում և տեղեկանք կապալառուի բանկային հաշվեհամարի վերաբերյալ,
- ներդրված միջոցների կամ համակարգերի անձնագիրը կամ տեխնիկական բնութագիրը,
- ենթակապալառուի առկայության դեպքում՝ կապալառուի և ենթակապալառուի միջև կնքված պայմանագրի պատճենը և կատարված աշխատանքների հանձնման ընդունման ակտը, ենթակապալառուի ծախսերը հիմնավորող փաստաթղթերը՝ հաշիվ վավերագիր կամ հարկային հաշիվ կամ այլ հաշվարկային փաստաթղթեր, անկանխիկ վճարման անդորրագիր,
- այն դեպքում, երբ շահառուի կողմից տարբեր (մեկից ավելի) կապալառուների հետ կնքվում են պայմանագրեր կամ շահառուի կողմից ձեռք են բերվում անհրաժեշտ միջոցները (10 հա և ավելի տարածքում ներդրում կատարելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման դեպքերում)՝ «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված և միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված, շահառուի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն, որում պետք է արտացոլվեն ծրագրի շրջանակում կատարված ծախսերը։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիր» էջում։