Կառավարության որոշմամբ գործարկվել է աջակցության նոր ծրագիր բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար։
Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին՝
- աշխատանքային միգրանտների համար՝ եկամտային հարկի 60%-ի չափով (Միգրանտ է համարվում քաղաքացիություն չունեցող կամ օտարերկրա քաղաքացիություն ունեցող աշխատողը, որը մինչև 2022թ. մարտի 1-ը չի աշխատել ՀՀ-ում, աշխատանքի վարձատրության մասով եկամտային հարկ չի վճարել),
- նոր աշխատողների ներգրավման համար՝ աշխատողի եկամտային հարկի 60%-ի չափով (Նոր աշխատող է համարվում նախկինում բարձր տեխնոլոգիաների ոլորտում չաշխատած անձը: Այս դեպքում նոր աշխատողի կարգավիճակը վարձու աշխատողը պահպանում է աշխատանքի անցնելու պահից սկսած երեք օրացուցային տարիների համար՝ անկախ գործատուի փոփոխությունից),
- կադրերի վերապատրաստման համար՝ աշխատողի եկամտային հարկի 50%-ի չափով (Վերապատրաստված է համարվում միջազգային ճանաչում ունեցող հարթակներից հավաստագիր ստացած աշխատողը: Վերապատրաստման հետ կապված հիմնավորումները ուսումնասիրվում և ընդունվում են ՀՀ ԲՏԱ նախարարի հրամանով հաստատված կարգով: Հավաստագիրը ընդունվում է, եթե այն ստանալու օրվանից չի անցել 6 ամիս)։
Աջակցության տրամադրման գործընթացն իրականացվում է ինքնաշխատ հարթակի միջոցով:
Ծրագրի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հարթակի «Աջակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնողներին» էջում։