Աջակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնողներին

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին՝

  • աշխատանքային միգրանտների համար՝ եկամտային հարկի 60%-ի չափով (Միգրանտ է համարվում քաղաքացիություն չունեցող կամ օտարերկրա քաղաքացիություն ունեցող աշխատողը, որը մինչև 2022թ. մարտի 1-ը չի աշխատել ՀՀ-ում, աշխատանքի վարձատրության մասով եկամտային հարկ չի վճարել),
  • նոր աշխատողների ներգրավման համար՝ աշխատողի եկամտային հարկի 60%-ի չափով (Նոր աշխատող է համարվում նախկինում բարձր տեխնոլոգիաների ոլորտում չաշխատած անձը: Այս դեպքում նոր աշխատողի կարգավիճակը վարձու աշխատողը պահպանում է աշխատանքի անցնելու պահից սկսած երեք օրացուցային տարիների համար՝ անկախ գործատուի փոփոխությունից),
  • կադրերի վերապատրաստման համար՝ աշխատողի եկամտային հարկի 50%-ի չափով (Վերապատրաստված է համարվում միջազգային ճանաչում ունեցող հարթակներից հավաստագիր ստացած աշխատողը: Վերապատրաստման հետ կապված հիմնավորումները ուսումնասիրվում և ընդունվում են ՀՀ ԲՏԱ նախարարի հրամանով հաստատված կարգով: Հավաստագիրը ընդունվում է, եթե այն ստանալու օրվանից չի անցել 6 ամիս)։

Եռամսյակի համար տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի 50%-ը։ 

Ովքե՞ր կարող են դիմել

Աջակցությունը տրամադրվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին: Գործունեության տեսակների ամբողջական ցանկը` այստեղ:

Տնտեսավարող սուբյեկտը կարող է դիմել աջակցություն ստանալու համար, եթե դիմելու օրվան նախորդող օրվա դրությամբ չունի 100,000 դրամը գերազանցող հարկային պարտավորություն։

Աշխատանքային միգրանտների համար աջակցության չի տրամադրվի, եթե տվյալ աշխատողները մինչև 2022 թվականի մարտի 1-ը Հայաստանում աշխատավարձ են ստացել։

Նոր աշխատողների համար աջակցություն չի տրամադրվի, եթե՝


  • տվյալ աշխատողները 3 օրացուցային տարվանից ավելի աշխատում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում,
  • նախկինում եղել են բարձր տեխնոլոգիաների ոլորտի անհատ ձեռնարկատերեր կամ աշխատել են այդ ոլորտի այլ կազմակերպություններում և ստացել աշխատավարձ։

Աշխատողների պատրաստման կամ վերապատրաստման համար աջակցություն չի տրամադրվի, եթե՝
 

  • վերապատրաստում իրականացնող մասնագիտական կենտրոնը ներառված չէ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հրապարակած ցանկում
  • հավաստագիրը ստանալու օրվանից անցել է 6 ամիս։

 

Դիմելու կարգ

Աջակցության տրամադրման գործընթացն իրականացվում է ինքնաշխատ հարթակի միջոցով:

Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է

Աջակցություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել եռամսյակի վերջին ամսվա հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Ընդ որում, դիմումները ներկայացվում են միայն դիմելու օրվան նախորդող եռամսյակի համար և այդ ժամկետի ավարտից հետո նախորդ եռամսյակի համար դիմումներ չեն ընդունվի:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Առցանց հայտը ներկայացնելիս փաստաթղթեր չեն կցվում։ Համակարգում անհրաժեշտ է լրացնել՝

  • տնտեսավարող սուբյեկտի ՀՎՀՀ-ն,
  • կոնտակտային հեռախոսահամարը,
  • էլեկտրոնային փոստի հասցեն։
Տարածել