ՀՀ Կառավարության որոշմամբ ֆինանսական աջակցություն կտրամադրվի առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտներին։ Աջակցության ծրագրի միջոցով կկարգավորվի անցումային փուլում հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով պայմանավորված հարկային բեռի անհամչափությունը։
Մասնավորապես, ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն կտրամադրվի առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտներին 2025թ.-ի հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդները 2025թ.-ի հունվարի 1-ից հետո իրացնելու պարագայում առաջացող հարկային բեռի համաչափությունն ապահովելու նպատակով։
Նախատեսվում է տրամադրել աջակցություն պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի այն մասի չափով, որը գերազանցում է իրացման շրջանառության 5%-ը: Իսկ այն հարկ վճարողներին, որոնք կունենան հարկից չնվազեցված և փոխհատուցված գումար, փոխհատուցվելու է նաև պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի և իրացման շրջանառության 1.5 տոկոսը կազմող գումարի դրական տարբերությունը: Կարևոր է նշել, որ այն չի կարող լինել ավելին, քան չնվազեցված գումարի 1.375-ապատիկը:
Ծրագրի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետաջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների աջակցության ծրագիր» էջում։