Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն կտրամադրվի առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտներին 2025թ.-ի հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդները 2025թ.-ի հունվարի 1-ից հետո իրացնելու պարագայում առաջացող հարկային բեռի համաչափությունն ապահովելու նպատակով։
Նախատեսվում է տրամադրել աջակցություն պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի այն մասի չափով, որը գերազանցում է իրացման շրջանառության 5%-ը: Իսկ այն հարկ վճարողներին, որոնք կունենան հարկից չնվազեցված և փոխհատուցված գումար, փոխհատուցվելու է նաև պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի և իրացման շրջանառության 1.5 տոկոսը կազմող գումարի դրական տարբերությունը: Կարևոր է նշել, որ այն չի կարող լինել ավելին, քան չնվազեցված գումարի 1.375-ապատիկը:
Աջակցությունը տրամադրվում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտներին, եթե միաժամանակ բավարարված են հետևյալ պայմանները.
1. Աջակցություն ստանալու համար տնտեսավարող սուբյեկտը հարկային մարմնի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնում է դիմում։
*Սույն կետով նախատեսված դիմումը (այդ թվում` ճշտված) 2025 թվականի 1-ին եռամսյակի համար կարող է ներկայացվել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի 2-րդ եռամսյակի համար՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ:
2. Հարկային մարմնի կողմից դիմումը ստանալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում, ստուգվում են շահառուների ցանկում ընդգրկվելու պայմաններին համապատասխանելու հիմքերը։ Շահառուների ցանկում ընդգրկվելու պայմաններին չհամապատասխանելու դեպքում դիմումը մերժվում է, որի վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտը ծանուցվում է 1 ամսվա ընթացքում՝ էլեկտրոնային փոստի հասցեին հետադարձ ծանուցման միջոցով:
*Դիմումի մերժման հիմք է հանդիսանում նաև առևտրական գործունեության մասով 2025թ. հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին հարկային մարմին տեղեկատվություն չներկայացնելը:
3. Վճարման հանձնարարականը հարկային մարմնի կողմից գանձապետարան ներկայացվելու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, աջակցության գումարը գանձապետարանի կողմից փոխանցվում է շահառուի բանկային հաշվին:
4. Այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտի կողմից աջակացության գումարը ստանալուց հետո ներկայացվում է շրջանառության հարկի ճշտված հաշվարկ, որի հետևանքով արձանագրվում է ավել վճարված աջակցության գումար, տնտեսավարող սուբյեկտն ավել ստացված աջակցության գումարը ճշգրտման օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է պետական բյուջե՝ գանձապետարանի՝ այդ նպատակով բացված համապատասխան հաշվին:
ՀՀ Կառավարության 27 փետրվարի 2025 թվականի N 222-Ն որոշում
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
[email protected]
+374 (60) 84 - 44 - 44