Գյուղնշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության ծրագիր

Ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է հողերի միավորման պետական աջակցության միջոցով խթանել արտադրողականության բարձրացմանը և ինքնարժեքի իջեցմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, հողերի նպատակային օգտագործմանը և արդյունավետ կառավարմանը, նպաստել գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալների ավելացմանը և մրցունակության բարձրացմանը։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023-2026 թթ.-ին և ընդգրկելու է ՀՀ ամբողջ տարածքը։

Այն իրականացվելու է միավորված (կոնսոլիդացված) հողամասում շահառուի հետ փոխհատուցման պայմանագիր կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 50%-ի չափով փոխհատուցման միջոցով՝ ծրագրի պահանջներին համապատասխան միավորում իրականացնելու դեպքում։ 

Միավորված (կոնսոլիդացված) հողամասի հանրագումարային մակերեսը պետք է կազմի առնվազն 3 հա, ընդ որում՝ փոխհատուցումը տրամադրվում է ոչ ավելի, քան 200 հա (ներառյալ) ։

Միավորված հողամասի ընդհանուր մակերեսում՝

  1. առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի միավորների քանակը պետք է լինի 3-30 հա միավորված հողամասի դեպքում առնվազն 5 միավոր, 30-100 հա միավորված հողամասի դեպքում՝ առնվազն 10 միավոր100-200 հա միավորված հողամասի դեպքում՝ առնվազն 20 միավոր, ընդ որում՝ նշված միավորները չեն ներառում մինչև փոխհատուցման պայմանագրի կնքումը շահառուին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի միավորների քանակը,
  2. առանձին գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի ձեռքբերումը պետք է իրականացվի փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո, ընդ որում` պետական և համայնքային սեփականության հողերի մակերեսները չեն կարող գերազանցել ձեռք բերվող հողերի ընդհանուր մակերեսի 20%-ը,
  3. չեն կարող ներառվել ծրագրի շրջանակներում շահառու դարձած իրավաբանական անձի` որպես ֆիզիկական անձ հանդես եկող մասնակիցներից կամ դրանում ներառված այլ իրավաբանական անձանցից, կամ հիմնադիրների, տնօրենի մասնակցությամբ այլ իրավաբանական անձանցից, իսկ շահառու դարձած ֆիզիկական անձի դեպքում՝ իր մասնակցությամբ իրավաբանական անձանցից ձեռք բերված հողամասը
  4. շահառուն ձեռք բերվող հողերի նկատմամբ չի կարող ունենալ սեփականության կամ համասեփականության իրավունք փոխհատուցման պայմանագրի կնքման օրվան նախորդող 2 տարվա ընթացքում.

Շահառուներն ազատվում են ծրագրի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիայի) պայմանագրերը վավերացնելու համար նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի, ինչպես նաև սեփականության իրավունքը գրանցելու համար պետական տուրքի վճարումներից:

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շահառու կարող են դառանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։

Դիմելու կարգ

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է՝

  • մինչև հողերի գնման և միավորման աշխատանքներ սկսելը ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել դիմում, դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (եթե դիմումատուն իրավաբանական անձ է, ապա պետական ռեգիստրի վկայականը և տնօրենի անձնագիրը),
  • կնքել փոխհատուցման պայմանագիր։

Այնուհետ յուրաքանչյուր եռամսյակի վերջին աշխատանքային օրը, շահառուն Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն, որը ներառում է շահառուի կողմից տվյալ եռամսյակի ընթացքում հողամասերի ձեռքբերման և դրանց միավորման գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն:

Անհրաժեշտ փաստաթղթեր
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ Կառավարության 4 օգոստոսի 2022 թվականի N 1220-Լ որոշում

ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչություն (հեռ.՝ (+37411) 530 333),

ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչություն՝ (հեռ.՝ (+37411) 523 793),

ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 523 411, (+374) 11 597 254, (+374) 11 297 428,  (+374) 11 529 231,

 Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԷՆ։

Տարածել