Սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից օգտվող քաղաքացիներին հնարավորություն կտրվի ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։
Ըստ այդմ, անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը կսահմանվի 12 %` նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։
Միաժամանակ, ըստ փոփոխությունների՝ կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվի։
Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 12% հետվճարի ծրագրից կարող են օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ նրանից, թե որ բանկերից են ստանում իրենց գումարը։ Հետվճարից կարող են օգտվել նաև ԼՂ-ից տեղահանվածները։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 12 % հետվճարի ծրագիր» էջում։