Պետությունը գործարկել է զբաղվածության ապահովման աջակցության նոր ծրագիր, որի շրջանակում աջակցություն կստանան բոլոր այն գործատուները, որոնք աշխատանքի կընդունեն հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց։
Գործատուներին տրվող աջակցության չափերը տարբեր են՝ կախված աշխատանքի ընդունվողի տարիքից, երեխաների կամ հաշմանդամություն ունենալու հանգամանքից։
Ծրագրի շահառու կարող են դառնալ ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, ովքեր չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, վերջին 3 ամսվա ընթացքում անընդմեջ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող:
Ընդ որում, միջոցառման շրջանակում գործատուն աշխատանքի կկարողանա ընդունել այն գործազուրկ քաղաքացիներին, ովքեր վերջին 3 ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող և վերջին 6 ամսվա ընթացքում տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չեն եղել։
Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Աջակցություն գործատուին՝ հաշմանդամություն ունեցող անձանց, նպաստառու ընտանիքների գործազուրկ անդամներին աշխատանքի ընդունելու դեպքում» էջում։