Աջակցություն գործատուին՝ հաշմանդամություն ունեցող անձանց, նպաստառու ընտանիքների գործազուրկ անդամներին աշխատանքի ընդունելու դեպքում

Ծրագրի մասին

Բոլոր այն գործատուները, որոնք աշխատանքի կընդունեն հաշմանդամություն ոնեցող, ինչպես նաև ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց, պետության կողմից աջակցություն կստանան։

Գործատուներին տրվող աջակցության չափերը տարբեր են՝ կախված աշխատանքի ընդունվողի տարիքից, երեխաների կամ հաշմանդամություն ունենալու հանգամանքից։

Ըստ այդմ՝

  • այն գործատուներն, ովքեր առնվազն մեկ տարով աշխատանքի կընդունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 12 ամիս շարունակ կստանան փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 100 %-ի չափով յուրաքանչյուր ամսվա համար, բայց ոչ ավելի, քան ամսական 50,000 դրամ։ Այս դեպքում գործատուին, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի նաև առավելագույնը 500,000 դրամ միանվագ աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող անձի համար աշխատավայրում խելամիտ հարմարեցումներ ապահովելու  համար,
  • ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 16-ից 29 տարեկան գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում՝ գործատուներին 3 ամիս շարունակ կտրվի փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 50 %-ի, բայց ոչ ավելի, քան ամսական 15,000 դրամի չափով,  
  • ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 30-ից 45 տարեկան գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում՝ գործատուին 6 ամիս շարունակ կտրամադրվի փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 30%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 12,000 դրամ։ Գործատուին աջակցությունը կշարունակվի տրամադրել ևս 3 ամիս (այսինքն՝ 6 ամիս + 3 ամիս), եթե աշխատանքի ընդունի կնոջ, ով ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի անդամ է, 30-ից 45 տարեկան է և խնամում է մինչև 5 տարեկան երեխա,
  • ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 46-ից 62 տարեկան գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում՝ գործատուին 9 ամիս կտրամադրվի աջակցություն՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 50 %-ի, բայց ոչ ավելի, քան ամսական 20,000 դրամի չափով,
  • ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 63-ից բարձր տարիքի գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում՝ գործատուին աջակցություն կտրվի 6 ամիս ժակետով՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 70 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 21,000 դրամ։
Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շահառու կարող են դառնալ ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, ովքեր չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, վերջին  3 ամսվա ընթացքում անընդմեջ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող:

Ընդ որում, միջոցառման շրջանակում գործատուն աշխատանքի կկարողանա ընդունել այն գործազուրկ քաղաքացիներին, ովքեր վերջին 3 ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող և վերջին 6 ամսվա ընթացքում տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չեն եղել։ 

Դիմելու կարգ

Ծրագրից օգտվելու համար գործատուն առցանց եղանակով՝ Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքէջի միջոցով կամ առձեռն ներկայացնում է դիմում՝ նշելով.

  • հարկ վճարողի հաշվառման համարը,
  • բանկային հաշվի համարը,
  • աշխատանքի ընդունվող անձի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ)։ 
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղղարկել ՀՀ ԱՍՀՆ

Տարածել
Տեսանյութ