Գործարկվել է բուսաբուծության աջակցության ծրագիր
2024-03-18

News Photo

ՀՀ Կառավարությունը գործարկել է բուսաբուծության աջակցության ծրագիր, որի նպատակն է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:


Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը: Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի տարածքում խթանվում է աղյուսակում նշված մշակաբույսերի տեսակների մշակությունը։


Ծրագրով նախատեսվում է 2024 թվականին փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի  (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով  կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։


Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝
►հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ,
►հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 ՀՀ դրամ,
►բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝  110 000 ՀՀ դրամ։

Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետաջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Բուսաբուծության աջակցության ծրագիր» էջում։

Տարածել