Բուսաբուծության աջակցության ծրագրի նպատակն է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը: Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի տարածքում խթանվում է աղյուսակում նշված մշակաբույսերի տեսակների մշակությունը։
Ծրագրով նախատեսվում է 2024 թվականին փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։
Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝
• հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ,
• հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 ՀՀ դրամ,
• բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ։
Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով մշակվող (նախատեսվող) մշակաբույսի տեսակը, սորտերը, ցանքատարածության վայրը, մակերեսը, բանկային հաշվեհամարը։
Փաստաթղթերը ներկայացնել թղթային տարբերակով։
ՀՀ Կառավարության 14 մարտի 2024 թվականի N 384-Լ որոշում
ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 523 411, (+374) 11 597 254, (+374) 11 297 428, (+374) 11 529 231,
ՀՀ ԷՆ Բուսաբուծության վարչություն (հեռ.՝ (+37411) 597 120)։