ՀՀ Կառավարության որոշմամբ փոփոխություններ են արվել ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում։
Փոփոխությունների արդյունքում ծրագրի շրջանակում`
- յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 15.0 մլրդ դրամի չափով, հիմնվող ջերմատանառավելագույն մակերեսի սահմանափակում չի նախատեսվում․
- յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի․
- տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի`
ա. տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 8 տոկոսային կետով, իսկ գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին` 18-ից 35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին և սույն կետի «դ» ենթակետով սահմանված առևտրային իրավաբանական անձանց (տվյալ ջերմատան նախագծի համար առաջին վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 9 տոկոսային կետով,
բ. տրամադրվող վարկի 3 մլրդ դրամից ավել մինչև 9 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 7 տոկոսային կետով, իսկ գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին` 18-ից 35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին և սույն կետի «դ» ենթակետով սահմանված առևտրային իրավաբանական անձանց (տվյալ ջերմատան նախագծի համար առաջին վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 8 տոկոսային կետով,
գ. տրամադրվող վարկի 9 մլրդ դրամից ավել մինչև 15 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 6 տոկոսային կետով, իսկ գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին` 18-ից 35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին և սույն կետի «դ» ենթակետով սահմանված առևտրային իրավաբանական անձանց (տվյալ ջերմատան նախագծի համար առաջին վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 7 տոկոսային կետով,
դ․ սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերը գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների և 63 տարեկանը լրացածների մասով՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համապատասխան 9, 8 և 7 տոկոսային կետերի վերաբերյալ տարածվում են այն առևտրային իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ունեն մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն, և վերջինիս տարիքը համապատասխանում է սույն ենթակետի «ա», «բ» և «գ» ենթակետերով ֆիզիկական անձանց համար սահմանված տարիքին: Ընդ որում, նշված դեպքում առևտրային իրավաբանական անձը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չիրականացնի իրավաբանական անձի հիմնադրի (մասնակցի), բաժնետիրոջ փոփոխություն, ինչպես նաև վերջինիս հիմնադիրը (մասնակիցը), բաժնետերը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չօտարի բաժնեմասը (բաժնետոմսերը) կամ դրանց մի մասը․
- յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի ոչ ավելի, քան ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկի տոկոսադրույքի չափը.
- վարկի մարման առավելագույն ժամկետը՝ 8 տարի է․
- շահառուի դիմումով ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի համար արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս․
- շահառուի և ֆինանսական կառույցի փոխադարձ համաձայնությամբ ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 3 ամիս ժամկետով․
- ջերմատան կառուցման համար սահմանված առավելագույն ժամկետը 1․5 տարի է.
- վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից։
Ծրագրի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հարթակի՝ «Ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր» էջում։