Աջակցության նոր ծրագիր Ղարաբաղից տեղահանված անձանց համար
2026-01-07

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամբ գործարկվել է աջակցության նոր ծրագիր Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման նպատակով։

Այս ծրագրի շրջանակում տրամադրվում է աջակցություն հետևյալ ուղղություններով՝

  • շահառուի բիզնեսի ուսուցման դասընթացներ՝ մինչև 300,000 դրամ,
  • շահառուի 12 ամիս (ամսական միջինում 10 ժամի համար) բիզնես ուղեկցում՝ ամսական 60,000 դրամ,
  • գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհների տրամադրում գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2 մլն դրամը։ Գործարար ծրագրի իրականացման համար շահառուն կարող է ներգրավել նաև կապիտալ միջոցներ կամ տարածքի վարձակալության համար հավելյալ միջոցներ։

Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ բիզնեսի ուսուցման և ուղեկցման աշխատանքները կազմակերպվում են ՄՍԾ-ի կողմից կազմակերպությունների հետ կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի հիման վրա։ 

Ծրագրի շահառու կարող են լինել Ղարաբաղից տեղահանված այն անձինք, ովքեր բնակարանային աջակցության պետական ծրագրի շրջանակում ձեռք են բերել կամ կառուցել են բնակարան/բնակելի տուն, և վերջին 3 ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող։ Միաժամանակ, շահառու կարող է լինել յուրաքանչյուր ընտանիքի միայն 1 անդամը։

Ծրագրի դիմելու կարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հարթակի՝ «Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիր» էջում։

Տարածել