Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիր
մինչև 2026-12-31

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակում Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման նպատակով տրամադրվում է աջակցություն հետևյալ ուղղություններով՝

  • շահառուի բիզնեսի ուսուցման դասընթացներ՝ մինչև 300,000 դրամ,
  • շահառուի 12 ամիս (ամսական միջինում 10 ժամի համար) բիզնես ուղեկցում՝ ամսական 60,000 դրամ,
  • գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհների տրամադրում գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2.0 մլն դրամը։ Գործարար ծրագրի իրականացման համար շահառուն կարող է ներգրավել նաև կապիտալ միջոցներ կամ տարածքի վարձակալության համար հավելյալ միջոցներ։

Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ բիզնեսի ուսուցման և ուղեկցման աշխատանքները կազմակերպվում են ՄՍԾ-ի կողմից կազմակերպությունների հետ կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի հիման վրա։ Հրապարակային օֆերտայի պայմանագրեր կարող են կնքվել այն կազմակերպությունների հետ, որոնք ունեն բիզնես դասընթացներ կազմակերպելու և բիզնես ուղեկցում իրականացնելու առնվազն 3 տարվա փորձառություն։ Կազմակերպությունների ցանկը, հրապարակային օֆերտայի պայմանները, ինչպես նաև մատուցվող ծառայությունների շրջանակը հրապարակվում են ՄՍԾ պաշտոնական կայքէջում:

Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկից հետո շահառուի բանկային հաշվեհամարին է փոխանցվում դրամաշնորհի գումարի 50%-ը, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 70%-ը՝ ձեռք բերված հիմնական միջոցների գնումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում։ Գումարի մնացած մասը փոխանցվում է շահառուին գործունեության իրականացման մեկ տարին լրանալուց հետո։

Ձեռնարկատիրական գործունեությունը 12 ամսից հետո ևս 6 ամիս գործելու դեպքում, եթե տարեկան շրջանառությունը կազմում է առնվազն 3.0 մլն դրամ, ծրագրի շրջանակում առաջարկվում է նաև շահառուին տրամադրել հիմնական միջոցի ձեռքբերման ծախսի փոխհատուցում՝ մինչև 1.0 մլն դրամի չափով՝ գնումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում։

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շահառու կարող են լինել Ղարաբաղից տեղահանված այն անձինք, ովքեր բնակարանային աջակցության պետական ծրագրի շրջանակում ձեռք են բերել կամ կառուցել են բնակարան/բնակելի տուն, զբաղված չեն «Զբաղվածության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որևէ տեսակով և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա վերջին 3 ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող։

Ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել մեկ անգամ, ընդ որում՝ շահառու կարող է լինել յուրաքանչյուր ընտանիքի միայն մեկ անդամը։

Դիմելու կարգ

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել e-work.am հարթակում։

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ

Տարածել