ՀՀ կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ են տեղի ունեցել ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրում։ Ըստ նոր կարգավորումների՝ 1 տնտեսվարողի համար լիզինգի ընդհանուր գումարի վերին սահմանաչափը 1 մլրդ դրամից բարձրացվել է՝ շեմը սահմանելով 2 մլրդ դրամը։
Աջակցության ծրագրում կատարված փոփոխությունների համաձայն՝ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով 2024 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրվող լիզինգի 12, արտարժույթով տրամադրվող լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցները շահագործվելու են ՀՀ մարզպետների կողմից տրամադրված ցանկում ներառված բնակավայրերի տարածքներում։
Շարժական և շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման համար սահմանված 20% կանխավճարի 80%-ը սուբսիդավորվում է, որի տրամադրման համար սահմանվում է համապատասխան ընթացակարգ: Ծրագրի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգ» էջում։