Գործարկվել է տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագիրը
2024-01-31

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ մեկնարկել է տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագիրը։ Առաջարկվող աջակցության ծրագրի հիմնական նպատակն է նպաստել երկրում առաջատար տեխնոլոգիաների տարածմանը, ինչպես նաև բարձր ավելացված արժեքով ապրանքների թողարկման և արտահանման խթանմանը, ինչն էլ ուղղակիորեն կազդի երկրի ՀՆԱ-ի առաջանցիկ աճին։

Աջակցությունը տրվում է 3 փուլով

Առաջին փուլն է արտադրության մեկնարկի աջակցությունը, որը կազմում է կապիտալ ներդրումների 10 %-ը և տրամադրվում է ներդրումների արդյունքում տնտեսապես բարդ ապրանքների արտադրության մեկնարկից հետո։
Երկրորդ փուլով աջակցության չափը կազմում է կապիտալ ներդրումների 5%-ը և այն տրամադրվում է տնտեսապես բարդ ապրանքների եռամսյակի ընթացքում ներդրումային ծրագրով նախատեսված կապիտալ ներդրումների 10%-ի չափով իրացման պարագայում.
Երրորդ փուլով աջակցության չափը կազմում է կապիտալ ներդրումների 20%-ը, իսկ տարեկան առավելագույն գումարը կազմում է շահառուի կողմից պետական բյուջե վճարված շահութահարկի 100%-ի և եկամտային հարկի 50%-ի հանրագումարը։

Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք տեղեկանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Աջակցություն տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին» էջում։

Տարածել