Կառավարության որոշմամբ երկարաձգվել է ՀՀ տարածքից թարմ պտղի, սննդամթերքի և խմիչքի առանձին տեսակների արտահանման, ինչպես նաև վերամշակման նպատակով դեղձի և թզի մթերման համար փոխհատուցման ծրագրի գործողության ժամկետը։
Այսուհետ ծրագրով փոխհատուցում կտրամադրվի նաև 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը արտահանված արտադրանքի և նույն ժամանակահատվածում վերամշակման նպատակով մթերված դեղձի ու թզի համար։
Սեպտեմբերին արտահանված արտադրանքի համար, մասնավորապես, սահմանվել է՝ խնձորի և տանձի համար՝ 150 դրամ/կգ, սալորի, դեղձի և նեկտարինի համար՝ 200 դրամ/կգ, խաղողի և թզի համար՝ համապատասխանաբար 150 և 200 դրամ/կգ։ Չորացրած մրգի և բանջարեղենի համար փոխհատուցումը կկազմի 500 դրամ/կգ, իշխանի համար՝ 820 դրամ/կգ, իսկ թառափի համար՝ 1350 դրամ/կգ։
Շշալցված խաղողի գինու համար փոխհատուցումը կկազմի 350 դրամ/լ, պտղահատապտղային գինու համար՝ 200 դրամ/լ, իսկ հայկական բրենդիի կամ կոնյակի համար՝ 830 դրամ/բացարձակ լ։
Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը վերամշակման նպատակով մթերված դեղձի և Սյունիքի մարզից մթերված թզի համար փոխհատուցումը կկազմի 125 դրամ/կգ։ Թզի դեպքում փոխհատուցման ենթակա մթերման առավելագույն քանակը սահմանվել է 200 տոննա։
Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «ՀՀ տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության ծրագիր» էջում։