ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել ՀՀ տարածքից արտահանվող թարմ պտղի, սննդամթերքի և խմիչքի առանձին տեսակների արտահանման փոխհատուցման միջոցառման մեջ՝ ընդլայնելով ծրագրի շրջանակը և շահառուների համար սահմանելով նոր պայմաններ։
Կատարված փոփոխություններով ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։ Եթե նախկինում փոխհատուցում էր նախատեսվում հունիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված արտահանման համար, ապա այժմ սահմանվել է նաև երրորդ փուլ՝ 2026 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը, իսկ կեռասի արտահանման դեպքում՝ մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։
Ծրագրի շրջանակում ընդլայնվել է փոխհատուցման ենթակա ապրանքների ցանկը։ Երրորդ փուլում փոխհատուցում կտրամադրվի նաև խնձորի, տանձի, խաղողի, թզի, ազնվամորու, մոշի, հոնի, ինչպես նաև որոշ ուղղություններով արտահանվող տոմատի մածուկի համար։
Միաժամանակ վերանայվել են մի շարք ապրանքների փոխհատուցման չափերը։ Օրինակ՝ սալորի, դեղձի և նեկտարինի փոխհատուցումը երրորդ փուլում կկազմի 200 դրամ՝ յուրաքանչյուր կիլոգրամի համար, կեռասինը՝ 300 դրամ։ Չորացրած մրգերի և բանջարեղենի փոխհատուցման չափը կրկնապատկվել է՝ հասնելով 500 դրամի յուրաքանչյուր կիլոգրամի համար։
Փոփոխություններ են կատարվել նաև հանքային ջրի փոխհատուցման պայմաններում։ Ընդհանուր արտահանման դեպքում փոխհատուցումը կկազմի 75 դրամ յուրաքանչյուր լիտրի համար, իսկ Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, ԱՄՆ, Կանադա և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներ արտահանելու դեպքում կշարունակի կազմել 150 դրամ յուրաքանչյուր լիտրի համար։
Ընդլայնվել է նաև փոխհատուցման ենթակա ձկնատեսակների շրջանակը՝ ավելացվել են իշխանի և թառափի նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրեր։
Ծրագրի այլ մանրամսներին կարող եք ծանոթանալ հարթակի «ՀՀ տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման աջակցության ծրագիր» էջում։